ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է, ԵՎ ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հայտարարություն տարածեց, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, սակայն հայկական ՊՆ-ն հերքում էր տեղեկությունը։ Հարցեր են առաջանում, թե ինչու է Խաղաղության պայմանագրի համաձայնագրի ֆոնին ադրբեջանական կողմը նման հայտարարություններ տարածում։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

 

-Պարո՛ն Նահապետյան, ինչի՞ համար է ադրբեջանական կողմը Խաղաղության պայմանագրի ֆոնին նման կեղծ տեղեկություններ տարածում, ո՞րն է դրդապատճառը։

-Եթե հիմք ընդունենք ոչ հայկական կողմի արձագանքը, այլ եվրամիության դիտորդների, այսպես կոչված՝ քաղաքացիական առաքելության դիտորդների արձագանքը, ովքեր գնացել են շրջաններ, արձանագրել են, որ որեւիցե լարում չկա, պիտի ընդունենք՝ դա է իրականությունը. ընդունենք նաեւ հայկական կողմի հերքումը եւս իրականություն, է եւ հիմք ընդունելով այս երկու իրողությունները՝ արձանագրենք, որ մեկ օրվա մեջ երեք անգամ ադրբեջանական կողմի տարածած նման տեղեկությունը գործնականում վտանգ է պարունակում։

-Ի՞նչ վտանգի մասին է խոսքը։ Մի փոքր կմանրամասնե՞ք։

-Վտանգն այն է, որ այս ապատեղեկատվությունները շարունակելով՝ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. առաջինը ճնշման գործիք է Փաշինյանի վրա։ Ադրբեջանի նախագահն ի՞նչ ասաց Փաշինյանին, ասաց՝ «զրոյական վստահություն», չէ՞: Հիմա գործնականում Ադրբեջանի նախագահը դա փորձում է հիմնավորել՝ ասելով, որ Փաշինյանը մի կողմից խաղաղություն է ուզում, Խաղաղության պայմանագիր, մյուս կողմից սահմանում իրավիճակը լարումներ է առաջացնում։ Այսինքն՝ Փաշինյանն ինքը վստահելի անձ չէ, եւ Փաշինյանի ստորագրությունն այդ տրամաբանությամբ, ըստ Ալիեւի, արժեք չունի։ Հետեւաբար, եթե արժեք չունի այդ ստորագրությունը, ապա ինչու ստորագրել։ Սա մոտեցումներից մեկն է, որ Ալիեւը չի փորձելու ստորագրել, այսինքն՝ մերժման համար հիմք է նախապատրաստում։

Ցանկացած ռազմական գործողությունից առաջ, երբ նախահարձակ կողմը փորձում է տրամագծորեն հակառակը ցույց տալ, միշտ ապատեղեկատվություն է տարածում առ այն, որ հակառակ կողմն է գործողությունը սկսել, ինքն ընդամենը պատասխանել է։ 44-օրյա պատերազմի ժամանակ եւս սկզբում Ալիեւը եւ իր քարոզչամեքենան փորձում էին հիմնավորել, որ ռազմական գործողությունները Արցախի ինքնապաշտպանական ուժերն են սկսել, իրենք ընդամենը արձագանքել են։ Նույնն այս պարագայում, եթե օրինակ մի քանի օր այս ամենը շարունակվի, ու մեկ շաբաթ անընդհատ ապատեղեկատվություն տարածվի, առավել եւս, եթե իրենք ասել են, որ հայկական կողմում զորքեր են կենտրոնացնում, որ Արցախից ինչ-որ տարածքներ հետ բերեն, սա մտնում է ընդհանուր տրամաբանության մեջ, որ որոշակի ռիսկայնություն կա։

-Այսինքն, հնարավոր է ռազմական գործողություննե՞ր լինեն։

-Ես չեմ բացառում, բայց եթե այս հայտարարությունները քարոզչական դաշտում որոշակի ժամանակ տեւեն, մեկ օրով չեն լինելու։ Ապրիլյանից առաջ ադրբեջանական կողմը մեկ շաբաթից ութ օր տարածում էր ապատեղեկատվություն: Իսկ նշածս երրորդ տարբերակը՝ կարող է նման հայտարարությունները Փաշինյանի վրա ճնշման գործիք են։ Օրինակ՝ Ադրբեջանից իրեն հասկացնում են, թե այս ու այն բաները եթե չանես, այն պայմանավորվածությունները, որ Պրահայում մեր ներկայությամբ տվել ես՝ սահմանադրության փոփոխություն, փախստականների վերադարձ, եթե չիրականացնես, ապա մենք տեսականորեն մի քանի օր շարունակ ապատեղեկատվություն կտարածենք, ապա ռազմական գործողություն կսկսենք ու քեզ էլ մեղավոր կդարձնենք։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արարատի մետաղաձուլարանի բացմանը, որը կառուցվում էր Երասխում, սակայն Իլհամ Ալիեւի պահանջով տեղափոխվեց սահմանից հեռու:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը 2023 թվականի հունիսից Հայաստանից պահանջում էր դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը՝ պատճառաբանելով, որ այն անդրսահմանային հետեւանքներ կարող է ունենալ, աղտոտել շրջակա միջավայրը:

Սկսվեցին նաեւ կրակոցներ, 2 հնդիկ բանվորներ վիրավորվեցին:

Ի վերջո Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ֆինանսավորեց «Ջի Թի Բի» ընկերությանը՝ տրամադրելով 3.5 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, որ գործարանն այլ վայրում կառուցվի:

Այսպես, Ալիեւը որոշեց, թե Փաշինյանի հռչակած ինքնիշխան, իրական Հայաստանում որտեղ կարելի է գործարան կառուցել: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը մեծ շուքով ազդարարեց իր սոցհարթակներում, թե մասնակցել է «Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանի բացմանը, եւ այն արդեն աշխատում է»: Գրառումը վարչապետը «#ինչպեսխոստացելէի» հեշթեգով է տարածել, որը շատ խորհրդանշական է. ո՞ւմ եւ ի՞նչ էր խոստացել Փաշինյանը մետաղաձուլարանի մասով: Ի դեպ, գործարանի բաժնետեր միակ հայը Գրիգոր Տեր-Ղազարյանն է, որը կարծես թե դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» «սրտի» օլիգարխը: Նա խոշոր ծրագրեր է իրականացնում հետհեղափոխական Հայաստանում, դրանցից որոշ ծրագրեր վիճահարույց են:

ArmLur.am-ը նկատեց, որ ՀՀ վարչապետին Գրիգոր Տեր-Ղազարյանը դիմավորել է արարողակարգի կոպիտ խախտումով՝ առանց փողկապի եւ ջինսե տաբատով: Բոլոր ներկաները կոստյում-փողկապներով են, իսկ Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ ջինսով, առանց փողկապի:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս