ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տարածված հայտարարության համաձայն՝ մարտի 16-ին եւ 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որեւէ անսովոր ակտիվություն չի նկատվել, այս մասին ասված է Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրությունները։ Մասնավորապես ՊՆ հաղորդագրությունում ասվում էր.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի,18։35-ի եւ 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Երեկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նորից հաղորդագրությամբ հանդես եկավ, որտեղ նշված էր, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը: Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարեւոր զարգացում է որակել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։ «Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլեւ որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում` իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը եւս պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբանը:

Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին, գրել է. «Հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսե՛ք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաեւ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։

 

 

ԱԶԱՏՈՒՄ, ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ասատուր Վարդանյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ասատուր Վարդանյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է իր առաջին պաշտոնական այցերը կատարել Ադրբեջան եւ Հայաստան։ «Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էլկե Բյուդենբենդերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելեն Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն: Դա կլինի առաջին անգամը, երբ դաշնային նախագահը կայցելի որեւէ երկիր»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

 

ՈՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Ինչն է եղել մարտի 15-ին Սարի թաղի կրակոցների պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառը, ըստ նախնական վարկածի, եղել է երեխաների միջեւ սկսված վիճաբանությունը, որին միջամտել են ծնողները, հնչել են կրակոցներ եւ մեկ մարդ մահացել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը 34-ամյա Նվեր Խաչատրյանն է, իսկ վիրավորը Գագիկ Խաչատրյանն է, որը մահացածի հորեղբոր որդին է: ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ դեպքի օրը ժամանել են ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետն ու Երեւանի քրեական ոստիկանության վարչության պետը։

 

 

95-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻ

Երեկ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա։ Պարզվել է, որ Ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը՝ հատակին, այրված վիճակում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին:

 




Լրահոս