
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ ծնողների հետ հաշտության հիմքով: Կալանավորվածները Արմավիրի բանտից ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ 2025 թվականի հունվարի 4-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է Եռաբլուր պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս գողացված ծաղիկները վաճառել են Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1.000 ՀՀ դրամ արժեքով:
2025 թվականի հունվարի 9-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Դ.-ի եւ Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը): Ներկայացված միջնորդությունները բավարարվել են եւ նույն օրը մեղադրյալներին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել:
2025 թվականի հունվարի 9-ին վերջիններս ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որից հետո միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ա.Դ.-ի եւ Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քր. վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա եւ Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարը, քաղաքացի Հ. Հ.-ին պատկանող 0,15 հա հողամասը խաբեությամբ իր սեփականությունը դարձնելու դիտավորությամբ, հանդես է եկել որպես համայնքի բնակիչ, իսկ իր փոխարեն, որպես համայնքի ղեկավար, ներկայացել է տեղակալը: Վերջինս, իրականում չունենալով համայնքի ղեկավարի լիազորություններ, կազմել եւ համայնքի ղեկավարին է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածք՝ նշված հողամասը 2014 թ. հոկտեմբերի 29-ին իբր համայնքի ղեկավարին հատկացված լինելու մասին, ինչպես նաեւ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի ղեկավարի փոխարեն նույն ամսաթվով կայացրել է տվյալ հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին ապօրինի որոշում։
Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալը Բյուրական համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.12 հա բնակավայրերի նշանակության հողատարածքի վերաբերյալ 2014թ. կազմել է կեղծ քաղվածք՝ դրանում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելով այն մասին, թե իբրեւ նշված հողատարածքը հանդիսանում է համայնքի ղեկավարի անվամբ գրանցված տնամերձ հողամաս: Դրա հիման վրա համայնքի ղեկավարի տեղակալը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, համայնքի ղեկավարի փոխարեն կայացրել է հատկացված հողամասից ավելի՝ 0.1359 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին որոշում:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը վերը նշված՝ կեղծ փաստաթուղթ հանդիսացող քաղվածքները մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ 2014 թվականի նոյեմբերին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից տրված համապատասխան վկայականով գրանցվել է իր սեփականության իրավունքը վերը նշված 2 հողամասերի նկատմամբ:
Այսպիսով` նա կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ համայնքին եւ համայնքի բնակչին պատկանող ընդհանուր 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք բերելով սեփականության իրավունք: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
ԻՆՉ Է ՊԱՏՄԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը երեկ դատավարության ընթացքում բացահայտել է, որ զինված ուժերում հիմնական զինվորական նշանակումներն ուղղակիորեն որոշվում էին Հայաստանում։ «Փոխգնդապետ եւ ավելի բարձր կոչումներով սպաների նշանակման պատասխանատվությունը կրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը եւ ՀՀ նախագահը։ Որպես բանակի այսպես կոչված «հրամանատար»՝ ես կարող էի միայն սպաներին նշանակել մինչեւ մայորի կոչում»,- ասել է նա։
Այնուհետեւ խոստովանել, որ զինված ուժերի ֆինանսավորումն ամբողջությամբ տնօրինվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, իսկ զենքն ու զինամթերքն ամբողջությամբ մատակարարվել է Հայաստանի զինված ուժերի կողմից։