ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ԴՐՎԱԳ Է ՊԱՏՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետեւ կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է:

 

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետեւ միայն պահը, ակնթարթն է իրականը եւ հավերժությանն ամենամոտը։

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձեւավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ եւս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ  հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին եւ միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա եւ առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավականին մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ եւ ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաեւ տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ եւ տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։

Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, եւ երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան եւ երկու տարի ծառայեցի Լենինականում (Գյումրիում)։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին եւ ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում եւ կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) եւ չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։

Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձեւավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։

Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին եւ նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել եւ ընդունել են։

Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետեւ կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու եւ մտածելու հոգեւորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ եւ Աստծո հետ։

Համոզված եմ, որ բարությունը հավերժ է եւ անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ եւ անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է եւ ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում եւ ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել եւ հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է եւ ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, եւ մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի եւ ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը եւ լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ եւ հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք եւ երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ՝ բոլորիդ», – ասվում է Վարդանյանի հաղորդագրությունում։

 

 

 

65 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի անմիջական ենթակայությամբ։ Մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցրել է՝ 2023-2024 ուսումնական տարվա ընթացում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից աշակերտների ընդհանուր թվով քանի տեղափոխություն է եղել այլ դպրոցներ, ինչ պատճառներով են կատարվել այդ տեղափոխությունները։ Մարզպետարանից հետեւյալ անորոշ պատասխանն է ստացվել. «Աշակերտների տեղափոխությունը հիմնականում տեղի է ունենում տվյալ ընտանիքի բնակավայրի փոփոխության պատճառով»: Դրանից հետո մեր թղթակիցը մարզպետին նորից է հարց ուղղել. «2023-2024 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից աշակերտների քանի՞ տեղափոխություն է եղել, ո՞ր դպրոցներից ո՞ր դպրոց են տեղափոխվել»։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզպետի աշխատակազմը աշակերտների դպրոցից դպրոց տեղափոխության հաշվառում չի իրականացնում»: Մարզպետարանն ինչո՞ւ նման հաշվառում չի անում, չէ՞ որ մարզպետարանն անմիջական կերպով ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ պետական առողջապահական հիմնարկները։ Մարզպետարանում իրենց  ղեկավարած ոլորտից անտեղյակ են, համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, ինչո՞ւ են 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից տարեկան 65 միլիոն դրամ պարգեւավճար ստանում։

 

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

Ամեն տարի Տավուշի մարզպետարանի միջոցով պետական բյուջեից գումարներ էին հատկացվում Տավուշի մարզի 4 համայնքներից՝ Իջեւանից, Դիլիջանից, Նոյեմբերյանից եւ Բերդից յուրաքանչյուրում տարեկան մշակութային մեկ մեծ միջոցառում կազմակերպելու համար։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցրել է՝ 2025 թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում մշակութային ինչ միջոցառումներ են կազմակերպվելու, երբ, յուրաքանչյուրը՝ ինչքան ֆինանսավորմամբ, որ կազմակերպությունների կողմից են իրականացվելու։ Մարզպետարանից պատասխանել են. «2025 թվականին պետական բյուջեի 1196 («Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում») տողով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանս չի հատկացվել: Մարզերի մշակութային կյանքի հասանելիությունը ԿԳՄՍ նախարարությունը կապահովի տարվա ընթացքում իր ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերով»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս