
Երեկ անվանի հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն էր։ ArmLur.am-ը ներկայացնում է ակադեմիկոսի կյանքը։
Աբեղյանը ծնվել է Նախիջեւանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որը ժողովրդի կողմից շարունակվում էր կոչվել կողքի ավերված գյուղի անունով՝ Աստապատ։
Նշենք, որ Աստապատում էր գտնվում նաեւ սուրբ Ստեփանոսի վանքը, որն իր կարմիր տուֆից եւ աղյուսից կառուցված լինելու պատճառով, կոչվել է նաեւ Կարմիր վանք։
Դեռ փոքր տարիքից Մանուկ Աբեղյանն աչքի է ընկել սովորելու, կրթվելու իր առաջադիմությամբ։ Երբ լրացել է Աբեղյանի 7 տարեկանը, նա իր հորից այբբենարան է նվեր խնդրել։ Հայրը, չմերժելով փոքրիկ տղային, գնել է այբբենարանը, եւ Աբեղյանն սկսել է սովորել այդ այբբենարանով, միաժամանակ գրաճանաչության դասեր է առել գյուղի խալֆաներից՝ գրագիրներից, եւ սկսել է խորամուխ լինել գրաբար գրքերի ընթերցանության մեջ։ Այդ տարիներին Հովակիմ Տեր-Գրիգորյանը (Էմին Տեր-Գրիգորյանի հայրը) հիմնում է Կարմիր վանքի դպրոցը, որի անդրանիկ սաներից է դառնում հենց Մանուկ Աբեղյանը։ 5-6 ամիս Մանուկ Աբեղյանն աչքի է ընկել իր առաջադիմությամբ, եւ ապա դարձել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի սան։ Ճեմարանում եւս Աբեղյանն ուշադրության է արժանացել իր ունակություններով։ Մանուկ Աբեղյանը Գեւորգյան ճեմարանում արժանացել է ճեմարանի տեսուչ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկու համակրանքին։
1882 թվականին Աբեղյանը բարձր գնահատականներով ավարտում է ճեմարանի դպրոցական հանրակրթական բաժինը եւ փոխադրվում է լսարանական մասնագիտական բաժին։ 1885 թվականին բոլոր քննությունները հանձնում է գերազանց գնահատականներով, ավարտելով ճեմարանի նաեւ լսարանական բաժինը՝ արժանանալում է առաջնակարգ մրցանակագրի (դիպլոմ)։
Արդեն ավելի ուշ Աբեղյանը վերադարձել է հարազատ ճեմարան որպես ուսուցիչ։ Աբեղյանը դասախոսել է հայոց լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն եւ գերմաներեն։
Ստանձնելով ուսուցչի պաշտոնը՝ Աբեղյանը դասախոսել է թե՛ դպրոցական եւ թե՛ լսարանական բաժիններում։
Գեւորգյան ճեմարանում Աբեղյանը դասավանդել է շուրջ 16 տարի, եւ 16 տարիների ընթացքում առավել հստակ են դառնում նրա նպատակները, վերջնականապես ճշգրտվում գիտական հետազոտությունների նրա նախասիրած բնագավառները։ «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ» բանավիճային ստվար աշխատությունն ուղղված էր 1896 թվականին Մոսկվայում հրատարակված Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Գրիգոր Խալաթյանցի ԸՐՎÿվրՍՌռ ֆտՏր Չ ՌրՑՏՐՌՌ ԸՐՎպվՌՌ ԾՏՌրպÿ ղՏՐպվրՍՏչՏ ծավալուն ուսումնասիրության դեմ։ Սա Աբեղյանի խոշոր ծառայությունն էր հայագիտությանը։ Տարիներ անց, Թիֆլիսում Աբեղյանի հիշյալ աշխատությունն արժանանում է Ղուկասյան մրցանակին։
Աբեղյանը 1900-ականներին իր գիտական մտքի արդյունքներով աստիճանաբար սկսում է գերիշխող դառնալ հայագիտության մեջ։ Այս շրջանում Աբեղյանի բանագիտական խոշորագույն հետազոտությունն է դառնում «Հայ ժողովրդական վեպը», որը 1906 թվականից սկսում է շարունակաբար լույս տեսնել «Ազգագրական հանդես»-ում։ «Սասնա ծռեր»-ի 15 պատումների հիման վրա Աբեղյանը համակողմանի հետազոտում է վեպը՝ մասնավորապես վիպասացների արվեստն ու սոցիալական պատկանելությունը, վեպի տարածման աշխարհագրական միջավայրը, նրա ծագման ու վերջնական ձեւավորման ժամանակաշրջանը, առասպելադիցաբանական հատկանիշներն ու հին առասպելների եւ վեպերի հետ ունեցած կապը, գաղափարական ու սոցիալ-կենցաղային բովանդակությունը եւ այլ հարցեր։ 1918թ. Թիֆլիսում սկիզբ է դրվում Երեւանի համալսարանի կազմակերպման աշխատանքներին։ Աբեղյանը նշանակվում է կազմակերպիչ հանձնաժողովի անդամ եւ հաջորդ տարի հրավիրվում Երեւան՝ նորաբաց համալսարանի գործերով զբաղվելու։ 1919 թվականի օգոստոսի 1-ին նա նշանակվում է Երեւանի համալսարանի դասախոս եւ պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան։
Սակայն Երեւանում հարմար շենք չլինելու պատճառով համալսարանի բացումը կատարվում է հաջորդ տարվա հունվարին՝ Ալեքսանդրապոլում։ Աբեղյանը, որ 1919 թվականի կեսերին ընտանիքով արդեն փոխադրվել էր Երեւան, ընտանեկան որոշ հանգամանքների պատճառով չի կարողանում մեկնել Ալեքսանդրապոլ՝ դասախոսելու։ Նա վեց ամսով արձակուրդ է վերցնում եւ մեկնում Երեւանից։ 1920 թվականի հունիսին՝ արձակուրդից վերադառնալիս, Աբեղյանին առաջարկում են զինվորական ծառայողների ուսումնական դասընթացների վարիչի պաշտոնը։ Նա ստանձնում է այդ պաշտոնը, որը շուտով դառնալու էր մի շատ կարեւոր գործի սկիզբ։
Նույն տարվա հոկտեմբերին Հայաստանի ռազմական նախարարությունը, ի թիվս ռազմական գործի մասնագետների, Աբեղյանին հանձնարարում է կազմել հայերենով ռազմական հրամաններ ու հրահանգներ։ Աբեղյանը ձեռնամուխ է լինում հայոց լեզվի ռազմական տերմինաշինության գործի իրականացմանը։ Աշխատանքը տեւում է մի քանի տարի։
Աբեղյանի գիտա-հասարակական գործունեությունը նոր թափ ու ծավալ է ստանում Հայաստանի խորհրդայնացման շրջանում։ Դրան կից առաջնահերթն ու անհետաձգելին անգրագիտության վերացումն էր՝ կրթական հեղափոխության ծրագրի կենտրոնական հարցը, որի կենսագործման համար Հայաստանի կառավարությունը հարմար ձեւեր է որոնում։ Հայոց լեզուն, չնայած իր նոր բնույթին, դեռեւս շարունակում էր օգտվել հին հայերենի՝ գրաբարի ուղղագրությունից եւ ենթարկվում ուղղագրական հին կանոններին ու օրենքներին։ Այդ հանգամանքը զգալիորեն դժվարացրել էր հայոց լեզվի ուսուցումը։ Այն լուրջ խոչընդոտ էր մասսայական անգրագիտությունը արմատախիլ անելու գործում, եւ Աբեղյանն ու համակիրները առաջին հերթին ձեռնամուխ են լինում լուծելու ուղղագրության բարեփոխության կարեւոր խնդիրը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ