
Լուսանկարը՝ համացանցից
Այս մեքենայի վարորդը հավանաբար նման կերպ իր բողոքն է արտահայտում ֆինանսական ճգնաժամի դեմ։ Նա մեքենայի ետնապակու վրա փակցրել է Pox chka գրվածքը. հավանաբար նա իրենից գումար ցանկացողների թիվն է կրճատումJ։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, արդյոք միայն վարդապետնե՞րը կարող են լինել կուսակրոն, թե՞ յուրաքանչյուր քահանա` իր ցանկությամբ:
Կարինե Միրզոյան (37 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա դառնալու որոշումը կայացնում են մինչեւ ձեռնադրվելը` սարկավագ եղած ժամանակ: Թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն սարկավագները քահանա են ձեռնադրվում նույն ծեսով, կարող են անգամ միաժամանակ ձեռնադրվել: Նույն օրը՝ երեկոյան, ձեռնադրող եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կուսակրոնության ճանապարհ ընտրած քահանաներին տալիս են վեղար, որը չեն կարող կրել ամուսնացյալները:
Քահանա են կոչվում բոլոր ձեռնադրվածները` կուսակրոն, թե ամուսնացյալ, սակայն ի տարբերություն ամուսնացյալ քահանաների` կուսակրոններն իրավունք ունեն ստանալ մի քանի աստիճան` աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս: Հաճախ հայրաբանական գրականության մեջ նրանց բոլորին կոչում են քահանա:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնացյալներին կուսակրոններից տարբերում են վեղարով: Դա գլխի բրգաձեւ ծածկոց է, որը կրում են միայն կուսակրոնները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը: Ի՞նչ գործընթաց է այն։
Հրայր Արիստակեսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան հայտնում ենք, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին, կամ որդեգրողին կամ խնամակալին:
Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին, կամ որդեգրողին կամ խնամակալին:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: