ՔՊ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԱՄՓՈՓԻՉ ԲԱՆԱՎԵՃԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որեւէ պատճառ, եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց՝ այնտեղ ուղարկելով իրենց «ծանր հրետանուն»՝ Նազելի Բաղդասարյանին: Սակայն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց, թե «նման բան չկա եւ չի կարող լինել։ Մեր նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ներկա է լինելու բանավեճին, եւ փաստարկված արձագանքելու է այն բոլոր ստերին եւ կեղծիքներին, որոնք փորձ է արվում կապել իր կամ կուսակցության անվան հետ»:

 

 

 

 

2025 թվականի հունվարի 16-ին, Վարչապետի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է, ինչ թափուր է։ ՀՀ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ վարչության պետ են ցանկանում նշանակել ոչ թե դատախազության կադրերից մեկին, այլ «դրսից բերված մասնագետի», որը առնչություն չունի դատախազության հետ։ Եվ հենց այս հանգամանքը ապօրինի գույքի բռնագանձման գործը քննող դատախազների շրջանում խռովությունների պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում ազատումներ լինեն դատախազությունից: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» ակցիաների կոնտենտը ապահովելու համար, իրավապահ համակարգը ծառայեցնում է ապօրինի ծագման գույքի վերադարձի շոու ծրագրին, ինչին արդեն «ներսում» սկսել են դիմադրել դատախազները: Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում էլ այս նույն վարչությունից աշխատանքից ազատման դիմում գրեց դատախազ Գեւորգ Քոչարյանը, ով օրերս նշանակվեց ՀՀ արդարադատության փոխնախարար: Ի պատասխան այս իրավիճակի՝ դատախազությունից նշեցին, որ 2025 թվականի փետրվարի 27-ին դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին եւ վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիքին նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթ կազմակերպելու մասին» հայտարարությունը: Մրցույթի արդյունքների հիման վրա էլ տեղի կունենա նշանակումը:

 

 

 

 

2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, այնուհետեւ կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետեւանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը եւ ԾԻԳ-ի պետը, ինչպես նաեւ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Սակայն 1-2 ժամ հետո նա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մի քանի անգամ հայտարարվեցին մրցույթներ՝ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար:

Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ, սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագա Անուշ Պողոսյանը դիմել էր ՊՎԾ-ին այդ նշանակման օրինականությունը պարզելու համար: Բանն այն է, որ ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստել են, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը 3 դեմ, 4 կողմ ձայներով նախապատվությունը տվեց Անդրանիկին: Այսպիսով, Անդրանիկ Հարությունյանը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը, նա անգամ չգիտեր, թե ինչ է բժշկական կենտրոնի զարգացման ծրագիրը եւ էլեկտրոէնցեֆալոգրաֆիան չէր համարում բժշկական ծառայություն:

Բայց այս մասնագիտական որակները չխանգարեցին Անդրանիկ Հարությունյանին հայտարարելու, որ ՀՀ ԱՆ պաշտոնյաները իր հանդեպ արդար չեն վարվել, եւ չխոչընդոտեցին բողոքարկելու հանձնաժողովի որոշումը։

Եվ ահա Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի եւ տեղեկանքների առկայությունը։

Այսինքն՝ Անահիտ Ավանեսյանի հետ լուռ հակամարտության մեջ է մտել Կարեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՎԾ-ն, Անուշ Պողոսյանի դիմումում նշված փաստարկները ուսումնասիրելով, հանգել է այն համոզմանը, որ մարզպետի կողմից հիվանդանոցի տնօրենի նշանակումը, ենթադրաբար, օրինական չէ. փաստաթղթեր կեղծելու կասկածներ է հայտնել վարչապետի վերահսկողական ծառայությունը՝ դատախազից պահանջելով վարույթ հարուցել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները, ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի, դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան՝ 1 349 անձ, Ռուսաստանի Դաշնություն՝ 1 165 անձ, Իրան՝ 550 անձ, Հորդանան՝ 172 անձ, Շրի Լանկա՝ 148 անձ։ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4 հազար 439, որոնցից 747 անձի դեպքում որպես հիմք համարվել է ձեռնարկատիրական գործունեությունը, 1 հազար 351-ի դեպքում՝ ընտանիքի հետ միավորվելը (Պայմանավորված ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու, կամ ՀՀ քաղաքացու/ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը/ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելու հանգամանքներով), 2 հազար 313-ի դեպքում՝ ուսումը, 28-ի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը։

Հարկ է նշել նաեւ, որ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 342 հազար 460 անձ, որոնցից միայն 167 հազար 798-ն է եղել ՀՀ փաստաթղթերով։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա հարկ է նշել, որ նախորդ տարի հունվարին ՀՀ մուտք գործած անձանց թիվը կազմել է 326 հազար 252։ Ստացվում է, որ 2025 թվականի հունվարին 16 հազար 208 անձ ավելի է այցելել Հայաստան նախորդ տարվա համեմատ։

Համաձայն նույն տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ելք է կատարել 339 հազար 773 անձ, որից միայն 144 հազար 103-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։ Այսինքն՝ ՀՀ-ից ելքերի եւ ՀՀ մուտքերի ընդհանուր հաշվեկշիռը կազմում է 2 հազար 687 մարդ, ստացվում է, որ մուտքերի թիվը 2 հազար 687 մարդով ավելի է։




Լրահոս