Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այսօրվա կիսատ-պռատ մանիպուլյացիաների՝ իմ հայտարարության վերաբերյալ՝
- Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները: Հաշվի առեք, որ ես ստիպված եմ ՀՀ-ին դատի տալու, քանի որ դուք թաքնվում եք պետական մարմինների քողի տակ՝ ձեր բացարձակ սխալ ու հանցավոր որոշումները կայացնելիս: Ամեն դեպքում, վերջին հաշվով այդ դատական ակտերը ուղղված են լինելու այդ որոշումները կայացնող անձանց դեմ:
- Ի տարբերություն ձեզ՝ ես վաղուց օգնել ու օգնում եմ բազմաթիվ մարդկանց՝ դատի տալու մեզ վրա կրակած ադրբեջանական պետությանն ու հանցագործներին: Եթե կոկորդ չեմ պատռում ու կուրծք չեմ ծեծում, դա դեռ չի նշանակում, թե պարապ նստած եմ: Ի դեպ, ասեմ, որ ես ժամանակին մեծապես օգնել եմ նաեւ ՀՀ լիազոր մարմիններին հավաքագրելու ծանրակշիռ ապացույցներ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական գանգատների համար, որոնցից դուք ապօրինի ու թեթեւսոլիկ կերպով հրաժարվում եք:
- Կասե՞ք, թե այդ որ իրավունքով եք դուք փակում ձեր իսկ հարկատուների ու ընտրողների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները: Մի հատ նայեք հայելու մեջ եւ միգուցե կհասկանաք, թե ում պետք է ուղղեք ինձ հղած Ձեր մեղադրանք-հարցադրումները:
- Ուզում եք ասել, որ պետական պաշտոնյաներն ինչ կուզեն կանեն, իսկ քաղաքացիներն իրավունք չունե՞ն դատարանով իրենց իրավունքները պաշտպանել ընդդեմ ապօրինի որոշումների: Լու՞րջ, պարոնա՛յք, փաստորեն, ՀՀ պետական մարմինների հանցավոր գործողությունների դեմ պայքարող բոլոր անձինք քաղաքացու ձեր մոդելից շա՞տ են շեղվել…
- Իմ իրական մտադրությունները հասկանալու փոխարեն պարզապես հասկացեք ինքներդ ձեր մտադրությունները՝ այդպիսի լկտիագույն որոշում կայացնելիս: Իմ մտադրությունն ու դրդապատճառը շատ պարզ է՝ հերթական անգամ ապացուցել, որ պետության գործառույթը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ոչ թե խախտումը, այն էլ՝ նման մեծ մասշտաբով:
- Չե՞ք ուզում առերեսվել զանգվածային դատական հայցերի, որոնց արդյունքում արձանագրվելու է ձեր որոշումների հանցավոր բնույթը, ուրեմն մի՛ հրաժարվեք միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից:
- Սեփական քաղաքացիների ու հարկատուների դեմ հոխորտալու եւ թշնամու հրահանգներն իրականացնելու փոխարեն ուղղակի կատարե՛ք ձեր ստանձնած պարտավորությունները եւ ապահովե՛ք մեր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ միջազգային ամենաքաղաքակիրթ մեխանիզմներով:
- Կբարեհաճե՞ք թարմացնել հիշողությունս, թե հարկատուների միջոցներով ապրողներից որ մեկն էր սեփական քաղաքացու եւ հարկատուի վրա խայտառակաբար թքողը եւ դրանով հպարտացողը…
- Թո՛ղ Ձեզ չթվա, թե ինձնից կամ որեւէ տառապած արցախցուց շատ եք փափագում խաղաղության հասնել: Ուզու՞մ եք իրական ու կայուն խաղաղություն լինի, ուրեմն ձգտե՛ք արդար ու արժանապատիվ լուծումների, այդ թվում՝ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների քննման ու հետեւանքների վերացման տեսքով: Երբ արդար, արդյունավետ ու համարժեք լուծումներ տաք գանգատներում ներկայացված հիմնախնդիրներին ու խախտումներին, միայն այդ ժամանակ կարող եք հրաժարվել այդ գանգատներից: Մնացած դեպքերում՝ մեղքը ձեր վիզը, – ամփոփել է Արտակ Բեգլարյանը»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Միհրան Պողոսյանի քեռու որդին դատարանի դռներն է ընկել: «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, որը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին է, 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, ու պահանջում է, որ Թիվ 02-040-0303-0010 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարել:
Ասել է թե՝ Ապարանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը գործում է, եւ սեփականատերեը հանգստավայրը ցանկանում են սեփականաշնորհել ու Կադաստրի կոմիտեն գրանցումը չի իրականացնում: Նշենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն, հիշեցնենք, Տիգրան Հարությունյանն է՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։ Ուշագրավ իրավիճակ է այն առումով, որ մինչ Միհրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռու որդին արտոնյալ պայմաներում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ։
ԲԱՔՎԻ ԴԱՏԻՑ
Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը եւ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է, չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին՝ դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:
ԱՐՏԱՔՍՎՈՒՄ Է
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ից արտաքսվում է Հարավային Աֆրիկայի դեսպան Էբրահիմ Ռասուլին՝ նրան մեղադրելով ԱՄՆ եւ նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ ունեցած ատելության համար: «Մենք խոսելու բան չունենք եւ դրա համար էլ նա հայտարարվում է «անցանկալի անձ»»,- իր սոցկայքի էջում գրել է Պետքարտուղար Ռուբիոն՝ դեսպան Ռասուլին մեղադրելով «ռասայական խտրականություն հրահրման մեջ»։
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս որոշմանը արձագանքել են շատ կտրուկ։



















































































