Armenian text to speach

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ, ԲԱՅՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՓԱԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի եւ նրա որդիների` Արտակի եւ Քաջիկի (ԲՀԿ նախկին պատգամավոր) նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հետախուզվում է նաեւ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի` յուվեցի Կարոյի որդին` Վիլեն Կարապետյանը: Նրանք անցնում են գազագողության բանդայի գործով, որը բացահայտել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

 

Տեղեկացրել էինք, որ 8-9 ամիս է, ինչ այս անձիք գլխավորել են հանցախումբ, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ամսական 1.5 մլն դոլարի գազ են գողանում ու նաեւ պետության նկատմամբ հարկային պարտավորությունները չեն կատարում: Ճիշտ է, երեք տասնյակից ավելի գազալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցված է այս պահին Քննչական կոմիտեի կողմից, սակայն ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս կան լցակայաններ, որոնք տարբեր մեքենայություններով գազագողությունը շարունակում են:

Կարո Կարապետյանի որդին

Տեղեկացնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցված պաշտոնական տեղեկության համաձայն, մի շարք գազալցակայանների սեփականատեր Վիլեն Կարապետյանի (նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդի) կողմից 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չեն վճարվել: Վիլենը «մի խումբ անձանց հետ, հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով ,հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու եղանակով, ինչպես նաեւ նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում անելով կեղծ հաշվետվություններ է կազմել»: Ըստ քննչականի՝ ապօրինի գործընթացն իրականացվել է Կարապետյանին պատկանող թվով 18 գազալցակայաններում: Բայց ներկայացված 1 մլրդ 272 մլն դրամը միայն պետության չվճարված հարկերն են, իսկ «Գազպրոմ Արմենիայի» կրած վնասների մասին Քննչականը ոչինչ չի հայտնել:

Նահապետ Գեւորգյանի

եւ որդիների խումբը

Ինչ վերաբերում է Նահապետ Գեւորգյանի, նրա որդիների` Արտակ եւ Քաջիկ Գեւորգյանների եւ նրանց ընկերությունների տնօրեն Արմենի գործունեությանը, ապա նրանք, ըստ Քննչական կոմիտեի, «1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չեն վճարել` ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու եղանակով։ Նահապետ Գեւորգյանի կողմից հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում»։ Այս դեպքում էլ 1 մլրդ 79 մլն դրամը միայն հարկերից խուսափելու թիվն է. «Գազպրոմի» վնասները հաշվարկված չեն:

Հավելենք, որ այս գործի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք խափանման միջոցները: Ովքեր են նրանք՝ Քննչականը չի բացահայտում. թեեւ մեկ շաբաթ է արդեն ArmLur.am-ը հարցումներ է ուղարկել:

Ինչպես բանդան փախավ երկրից

ArmLur.am-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նահապետ Գեւորգյանը, երկու որդիները` Քաջիկն ու Արտակը եւ տնօրեն Արմենը (որը համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է՝ ըստ գործի նյութերի) վարույթի հարուցումից հետո կարողացել են անարգել դուրս գալ երկրից  Վրաստան-Հայաստան ճանապարհով: Թե այս պահին որտեղ են, անհայտ է, ինչպես են կարողացել փախչել երկրից, էլի անհայտ է, ArmLur.am-ի այս հարցումներին իրավապահները դեռ չեն պատասխանել:

Իսկ ինչ վերաբերում է Վիլեն Կարապետյանին` Կարո Կարապետյանի որդուն, ապա նա վարույթի հարուցումից հետո անխոչընդոտ փախչել է երկրից եւ հասցրել հանգրվանել Իսպանիայում (օրեր առաջվա տվյալներ են. Ք. Մ.): Ավելին՝ ArmLur.am-ին հաջողվեց իր լավատեղյակ աղբյուրներից պարզել նաեւ, որ Վիլեն Կարապետյանը հեռվից «գործարք է առաջարկել» իրավապահներին, մոտավորապես այսպես. «խելամիտ տուգանք նշանակեք՝ վճարեմ, վերադառնամ Հայաստան», բայց իմանալով, որ իր մասով միայն հարկային չարաշահումների թիվը անցնում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարը, հրաժարվել է ներկայանալ նախաքննական մարմին կամ վճարել տուգանքները:

Ահա այսպես 50 քննիչ շարունակում են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի բացահայտած բանդայի գործի քննությունը, սակայն այդ ընթացքում գլխավոր դերակատարները հասցրին փախչել երկրից, իսկ գազագողությունն էլ դեռ շարունակվում է:

Շարունակելի…

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ «ՏԵՂ ՀԱՍԱՎ»

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կալանավորվել է։

 

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի, խափանման միջոցի դեմ ՀՀ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու։

Հայտնի էր դարձել «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ էր արձակվել: Պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնել էր, որ դատարանը բավարարեց իրենց միջնորդությունը, եւ Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից: Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը, եւս ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։ ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ. արդյունքում դեպքից երկու ամիս անց մեր կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի՝ նրա վարորդին,իսկ բուն սպանություն կատարողներին դեռ փնտրվում են: Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս կալանքը կրում էր ԱԱԾ մեկուսարանում։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս