Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ փաստել, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախ է: Նախարարի համոզմամբ, եթե երեխան գոնե մեկ տարի նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է լինում, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում:
«Կրթության ռազմավարությամբ մենք նպատակադրել ենք, որ 2030 թվականին առնվազն մեկ տարի նախադպրոցական կրթությունը դառնա պարտադիր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ կրթության ոլորտի պատասխանատու նախարարը տեղեկացրել է, որ եթե 2017 թվականին 3-5 տարեկանների 56 տոկոսն էր ընդգրկված նախադպրոցական կրթության համակարգում, ապա 2024 թվականին այս ցուցանիշը շուրջ 75 տոկոս է: Նախարարը մանրամասնել է Կառավարության քայլերն այս հարցում, կրթության որակի երաշխիքների ապահովման տեսանկյունից խոսել մասնավոր հատվածում իրականացվող լիցենզավորման քաղաքականության մասին:
Դպրոցական կրթության հատվածում եւս կա զգալի առաջընթացգ եթե 2018 թվականին 72 տոկոս էր պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը, ապա 2023 թվականին եղել է 88 տոկոս: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակում էր 9-րդ դասարանի շրջանավարտների 54 տոկոսը, իսկ 2023-2024 թվականների ուսումնական տարվա տվյալներով շուրջ 39,000 ավարտածներից ավելի քան 24,000-ը կրթությունը շարունակել է ավագ դասարաններում, իսկ ավելի քան 12,000-ը՝ քոլեջներում:
Բուհական ընդունելության մասով ավագ դպրոցների շրջանավարտների 52,3 տոկոսն ընդունվել է բուհ՝ ավելի քան 10,000 հոգի, մեծ մասը՝ 61 տոկոսը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:
Շարունակվել են կրթաթոշակային ծրագրերը բուհերում, իրականացվել է աշխատանք մշակութային կյանքին եւ ծառայություններին հասանելիության մասով, այս ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի: Առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական առողջ ակտիվության շրջանակում եւս մի շարք միջոցառումներ են իրականացվել: Նախարարը մանրամասնել է նաեւ Սփյուռքին ուղղված ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերը:
2024 թվականին Լեռնային Ղարաբաղից շուրջ 600 ուսուցիչ ՀՀ տարբեր դպրոցներում աշխատանքի է անցել, եւ այս նպատակով բյուջեից բացի աշխատավարձից միայն լրավճարների մասով տրամադրվել է ավելի քան 168 մլն դրամ:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հաստատում, ժողովրդագրական իրավիճակի բարելավում, նպաստների համակարգ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ուղղված ծրագրեր, զբաղվածության ու սոցիալական ինտեգրման ծրագրեր, կենսաթոշակային համակարգ ու բնագավառին բնորոշ բազմաթիվ հարցերգ այս թեմաների շրջանակում է իրականացված աշխատանքներին անդրադարձել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում Կառավարության իրականացրած բարեփոխումները եւ նշել, որ որոշ միջազգային զեկույցներում արված գնահատականներն արտացոլում են բարեփոխումների համատեքստում դրական փոփոխությունները: Մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում բարեփոխումների մասին խոսելիս նախարարը մանրամասն անդրադարձել է իրականացված դրական քայլերին, ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել ատեստավորման գործընթացին, գրադարանավարների աշխատավարձի բարձրացման հնարավորությանը, դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների ուսուցիչների հավելավճարի հնարավորությանը, ազգային փոքրամասնությունների կրթամշակութային իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը եւ ոլորտային այլ հարցերի: Քննարկումներ են ընթացել քրեական արդարադատության կայացման, դատապարտյալների զբաղվածության, տարեցների խնամքի ու ցերեկային կենտրոնների գործունեության, զբաղվածության ռազմավարության թիրախների, սոցիալական աջակցության ծրագրերի ու այլ հարցերի շուրջ:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 15-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնում անց էր կացվել «Կրթվելը նորաձեւ է» բանախոսությունը:
Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից: Փաշինյանը հանդես էր եկել «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով: Ելույթի ընթացքում ընդգծվել է տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Վարչապետը կարեւորել է հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման եւ ինքնազարգացման դերը։ Միջոցառումից հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, թե ինչու է Ստանիսլավսկու թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը թատրոնի բեմը տրամադրել Նիկոլ Փաշինյանին եւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու համար: Ի դեպ, Շահվերդյանը անձամբ էր Փաշինյանին դիմավորում թատրոնի մուտքի մոտ: Հավելենք, որ գիրք նվիրելու օրը նույն Շահվերդյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր «Զանգակ» գրախանութ գրքեր գնելու համար:
ArmLur.am-ը փորձեց զրուցել Սուրեն Շահվերդյանի հետ՝ նախ պարզելու, թե ինչու է տեւական ժամանակ ուղեկցում Փաշինյանին. «Ես տրամադրում եմ թատրոնի դահլիճը նրանց, ովքեր որ ցանկանում են: Բազում միջոցառումներ են լինում, այդ թվում՝ նաեւ այս առումով: Վարձակալության հիմունքներով դահլիճը վարձակալվել է եւ միջոցառում է անցկացվել», – հայտարարեց մեր զրուցակիցը: Մենք փորձեցինք Շահվերդյանից պարզել, թե արդյոք վերջինս կուսակցական է դարձել, ինչի համար հաճախ է Փաշինյանի հետ միջոցառումների մասնակցում. «Ես անկուսակցական եմ, վերջին մեկ տարվա ընթացքում զբաղեցնում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավարի պաշտոնը, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելում է թատրոն, այո,՛ հանդիպում եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
ՇՈՒՇԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԵՏՔ ՉԷ՞
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը մարտի 12-ին որոշում է ընդունել «Արփի Թամրազյանի աշխատանքի վերադառանալու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին»։ Այդ որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, աշխատանքային օրենսգրքի 110-րդ, 130-րդ, 173-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Արփի Թամրազյանի դիմումը` 1) 2025թ. մարտի 12-ից Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող Արփի Թամրազյանին թույլատրել ներկայանալ աշխատանքի եւ անցնել իր պարտականությունների կատարմանը: 2) 2025թ. մարտի 12-ից Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն եւ կատարել վերջնահաշվարկ»։ Դիլիջանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանի կողմից երեխայի արձակուրդ վերցնելուց հետո երկար ժամանակ (տարիներ) է համայնքապետարանը մամուլի քարտուղար չունի, իսկ համայնքապետարանի կայքում Դիլիջան համայնքին վերաբերող քիչ նորություններ են զետեղվում։ Նորածին երեխայի համար խնամքի արձակուրդից Արփի Թամրազյանի վերադարձից հետո նրան, իր դիմումի համաձայն, ազատել են աշխատանքից։ Ստացվում է, որ Դիլիջանի համայնքապետարանին մամուլի քարտուղար պետք չէ, այլապես անցած տարիներին, Արփի Թամրազյանի արձակուրդում գտնվելու ժամանակ, համայնքապետարանում նրան փոխարինող կնշանակեին։
14 ԴՊՐՈՑ՝ ԱՌԱՆՑ ՏՆՕՐԵՆԻ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկտվական հարցում անելով՝ մեր թղթակիցը մարզպետարանից տեղեկացել է, որ 2025 թվականի փետրվարի 26-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 14-ում առկա է տնօրենի թափուր հաստիք: Դրանք են՝ Կայանավանի, Այգեձորի, Ջուջեւանի, Լճկաձորի, Տավուշի, Վերին Կարմիրաղբյուրի, Նավուրի, Դիլիջանի թիվ 2-ի, Թեղուտի, Հովքի, Ոսկեվանի, Բերդի թիվ 3-ի, Չինչինի եւ Բերքաբերի դպրոցները: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկացել ենք, որ մարտի 5-ից հետո թափուր են դարձել նաեւ Իջեւանի թիվ 1 հիմնական, Բաղանիսի միջնակարգ, Դիլիջանի թիվ 4 հիմնական, Այգեհովտի միջնակարգ դպրոցների տնօրենների հաստիքները։ Հանրակրթական դպրոցների տնօրենների հաստիքների թափուր լինելը բացասաբար է ազդում այդ դպրոցներում իրականացվող կրթության ու դաստիարակության գործընթացի արդյունավետության, աշխատանքային կարգապահության վրա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
























