Մանկական ռեւմատոլոգիական հիվանդությունների իրազեկման համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց Արաբկիր մանկական բժշկական կենտրոն, շփվեց հիվանդություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողների հետ:
Ավանեսյանը զրուցեց երեխաների հետ, լուսանկարվեց եւ, նրանց առողջություն մաղթելով, նշեց, որ նախարարությունը միշտ իրենց կողքին է: «Մենք ուրախ ենք, որ արդեն մեկ տարի է՝ ծրագրի շրջանակներում ռեւմատոիդ արթրիտ ունեցող երեխաները ստանում են դեղորայքային ամբողջական բուժում: Այս դեղորայքը բավական թանկարժեք է, եւ նրանք անընդհատ այս դեղորայքի կարիքն ունեն, ուստի մեզ համար չափազանց կարեւոր է, որ երեխաների այս բուժական հոգսը պետությունը վերցնի իր վրա: Եվ այսօր արդեն երեխաների առողջության մեջ կարող ենք արձանագրել դրական տեղաշարժ եւ շարժողունակության վերականգնում: Նշեմ, որ այժմ ընդհանուր պատկերը շատ ավելի լավ է, քան ունեցել ենք տարիներ ի վեր»,- նշեց Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ իրենց նպատակն էր նաեւ իրազեկման շրջանակներում շփվել ծնողների հետ, խոսել երեխաների հետ, որովհետեւ այս հիվանդությունների պարագայում, եթե կարողանում են ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը, ապա երեխաները կարող են իրենց սովորական կյանքով ապրել՝ դպրոց հաճախել եւ զբաղվել իրենց նախասիրություններով: «Պետության նպատակն է ապահովել երեխաների կյանքի որակը: Ցավոք սրտի, եթե չենք կարողանում ապահովել դեղորայքով, այս հիվանդությունը հանգեցնում է խոր հաշմանդամության, եւ այս ծրագիրը քայլ էր, որպեսզի կանխենք նման ընթացքը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի թե՛ երեխաների, թե՛ նաեւ մեծահասակների առողջապահական բեռը հոգանք, իսկ երեխաների առողջությունը առաջնահերթություն է։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ՝ դեղորայքը առաջինը հասանելի ենք դարձրել հենց երեխաների համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով բոլորին, շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանը 2024 թվականից ներդրված ծրագրի համար, որը թույլ է տվել մանկական ռեւմատոլոգիական հիվանդությունների պարագայում գրանցել լավ արդյունքներ, ինչը վերջին 30 տարիների ընթացքում հասանելի չէր: «Երեխաները, որոնք այս բուժման կարիքն ունեին, փաստորեն տասնյակ տարիներ այդ բուժումը չեն կարողացել ստանալ եւ հիմա նրանք այդ ամենը ստանում են բոլորովին անվճար, քանի որ նախարարությունը, իրականացնելով այս ծրագիրը, ձեռք բերեց այդ դեղամիջոցները եւ տրամադրեց այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն: Այս հիվանդությունն ունեցող երեխաներն ընդամենը 10 տարի առաջ ներառված էին մանկաբուժական ընդհանուր ծառայության մեջ եւ չէին ստանում պատշաճ բուժօգնություն: Առողջապահության նախարարության այս ծրագիրը ոլորտի համար աննախադեպ է»,- նշեց Բաբլոյանը: 2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղը տրամադրվում է պետական պատվերի շրջանակում: Դեղապահովման այս ծրագրից օգտվում է շուրջ 70 երեխա:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ 100. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի եւ երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը:
Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Շառլ Ազնավուրի հարուստ եւ յուրօրինակ երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Ինգա Արշակյան, Գոռ Սուջյան, Գուրգեն Բավեյան եւ Ժյուլ Գրիզոն:
Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի սիրված եւ ճանաչված երգերը, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային երաժշտարվեստում:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, սույն թվականի մարտի 15-ից ազատվելով Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ստանձնած հոգեւոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում, իսկ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանը, սույն թվականի մայիսի 1-ից ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Անդրեասյանը եւ Տ. Վարդան քահանա Հայրապետյանը սույն թվականի մարտի 14-ից ծառայության են կոչվել ԱՄՆ հայոց արեւելյան թեմում։























