
Բազմաչարչար համընդհանուր հայտարարագրումը շարունակում է որպես ոսկոր մնալ քաղաքացիների կոկորդում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ժամանակ չունի վարչապետի խոստումներին իրավական ուժ տալու:
Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝ ասելով, որ մինչեւ մայիսի մեկը պետք է լրացնեք հայտարարագրերը, այլապես կսահմանվեն տուգանքներ, կգործադրվեն ճնշումներ, քանի որ չպետք է լինի մեկը, որ հայտարարագիր լրացրած չլինի։ Բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առջեւ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
Փաշինյանը, իհարկե, պատճառաբանեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել: Ամեն բան կարծես խաղաղվեց, քաղաքացիները հանդարտվեցին, որ հայտարարագիր լրացնելու ժամանակ դեռ շատ կա։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թեեւ Փաշինյանը ժամկետներ է խոստացել, բայց կարծես այս անգամ «#ինչպեսխոստացելէի» հեշթեգը չի գործում։
Բանն այն է, որ Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 2 ամիս, սակայն մինչեւ այժմ այս հայտարարությունն իրավական որեւէ ուժ չի ստացել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այնքան են տարված տնտեսական աճի թվերը կեղծելով, որոնք ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ հաճախ չեն համընկնում, որ փաստացի հայտարարագրման գործընթացները աչքաթող են արել: Վերջիններս նաեւ ընկել են հարկատուների հետեւից։ Մինչ ֆիննախը օրենքներ է փոխում հարկային օրենսգրքում, հայտարարագրման գործընթացը տեղում դոփում է, եւ Փաշինյանի խոստումը իրավական որեւէ հիմք չի ստանում։ Այսինքն՝ Կառավարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
«Ժողովուրդ» օրաթերթին ֆինանսների նախարարությունից հաստատեցին, որ Փաշինյանի հայտարարությունն իրավական ուժ չի ստացել, իսկ նախագիծը վերջնական շրջանառման մեջ չի դրվել։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ 750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը։ Ստացվում է, որ իշխանության գովասանքներին, հայտարարագրման արշավին, առաջարկված «կաշառքներին» զուգահեռ հայտարարագիր լրացրել է 750 հազար աշխատողների 1,6 %-ը։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները Գյումրիից հայտնում են, որ իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը գտնվում է Գյումրիում այս օրերին: Ե՛վ վարչության անդամները, ե՛ւ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այցելում են Սարիկ Մինասյանին, իրենց պատրաստակամությունը հայտնում օգնելու, սակայն իրավիճակը չի փոխվում: ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է, եւ որեւէ հոլովակ, քաղաքը պաստառապատելու որեւէ քայլ, անգամ՝ պետբյուջեի միջոցներով արվող տարբեր շինարարություններ ՔՊ-ի հաղթանակի շանսերը չեն ավելացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներին օրերս խիստ հրահանգ է տվել՝ եթե պարտվեն, բոլոր պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն. Գյումրու հաղթանակը ՔՊ-ի համար ճակատագրական նշանակություն ունի: Շատ ՔՊ-ականներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ կարծիք էին հայտնում, որ տարատեսակ պաշտոնյաների այցը նախընտրական Գյումրի նաեւ իր բացասական կողմն ունի, քանի որ քաղաքացիները սկսել են խոսել, թե մինչ այս պետությունն ինչու Գյումրիին դեմքով չէր նայում: Ըստ այդմ, Գյումրիում կարծիքներ կան ՔՊ շրջանակում՝ գուցե թողնեն Սարիկ Մինասյանը միայնա՞կ պայքարի, եւ չխանգարե՞ն նրան:
2025 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները (ցուցանիշների գրաֆիկական պատկերը կարող եք տեսնել ArmLur.am կայքում): 2025 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 104.0% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 118.1%-ի համեմատ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները ծնվածների դեպքում 2025 հունվարին 138-ով քիչ են եղել, քան 2024 թվականի հունվարին։ 2025 թվականի հունվարին ծնվել է 2 733 երեխա, 2024 թվականի հունվարին՝ 2 871 երեխա։ Ծնվածներին զուգահեռ մահացածների թիվն աճել է. 2025 թվականի հունվարին մահացել է 2 627 մարդ, 2024 թվականի հունվարին՝ 2 430 մարդ: 2024 թվականի համեմատ 2025 թվականին մահացածների թիվն ավելի է 197-ով։
Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին:
Հիշեցնենք որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Հայտարարեց նաեւ, որ առաջին անգամ է՝ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:
Իհարկե, հետո միլիարդներ մսխվեցին ԱՆԻֆ-ում, բայց դա չէր խանգարել, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2023 եւ 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ՝ 20 մլն դրամ, իսկ 2-րդ անգամ 50 մլն դրամ է փոխանցվել «Իմ քայլը» հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը:
«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ Quanta-ն։
Հարկ է նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում նշվածից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիր։
Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում, նախկիններին մեղադրելով թալանի, բիզնեսներին փայ մտնելու համար՝ Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղարշելու հարցում։