ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀՈՂԻ ՏԱԿ ԹԱՂՎԱԾ ՀԱՅԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 9-րդ անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Մասնագետների խոսքով՝ դա ընդամենը տեղեկատվական ահաբեկում է, որը խուճապ է առաջացնում ժողովրդի շրջանում։ Հասկանալու համար, թե ինչ խնդիրների, վտանգների կարող է հանգեցնել այս ամենը, ArmLur.am-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

 

-Պարո՛ն Դավթյան, արդեն 9-րդ անգամ է, ինչ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը իրենց ուղղությամբ կրակ է բացել, ի՞նչ վտանգներ կարող է այս ամենը ներկայացնել՝ բացի տեղեկատվական ահաբեկումից։

-Եթե ուշադրություն դարձնենք «Խաղաղության պայմանագրի» պրոցեսին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը ամեն անգամ փորձել է պայմանագիրը իրեն հարմար ձեւով մատուցել, եւ որ դա իրեն ընդունելի ձեւով ստորագրվի: Փաստացի, չնայած այն հանգմանքին, որ արդեն 17 կետի մասին խոսում են, Ադրբեջանի հռետորաբանությունից ակնհայտ երեւում է, որ իրենք նոր ակնկալիքներ ունեն պայմանագրում փոփոխություններ անելու: Մասնավորապես, զինված, ինչպես Ադրբեջանն է նշում՝ «զինված հանցագործների» Ադրբեջանին հանձնելու մասով, կամ թեկուզ ադրբեջանցիների վերադարձի մասով, եւ, բնականաբար, իմ համոզմամբ՝ ադրբեջանական կողմը փորձում է Խաղաղության պայմանագրի չկնքելը պայմանավորել սահմանային լարվածությամբ։ Ես չեմ զարմանա, որ մոտ օրերս ինչ-որ ադրբեջանցի զոհվի կամ վիրավորվի, դա ավելի կլարի իրավիճակը այսօրվա սահմանային հատվածներում, եւ ընդհանուր առմամբ Ադրբեջանը նպատակ ունի Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու, քանի որ ակնհայտ տեսնում է, որ չնայած այն հանգամանքին, որ բացեիբաց խոսում է Հայաստանը օկուպացնելու մասին, անվանում ֆաշիստական հանրապետություն ՀՀ-ն եւ այլ վիրավորական խոսքեր է հնչեցնում Հայաստանի քաղաքացիների հասցեին, Ալիեւը նկատում է, որ Հայաստանի իշխանությունները իր՝ զավթիչի կողմից արված պահանջները կատարում են։ Հետեւաբար, ինչո՞ւ ոչ. եթե նոր պահանջներ չներգրավվեն, կամ թեկուզ նախքան պայմանագիրը ստորագրելը Ադրբեջանն իր համար ցանկալի պահանջները ստանա այս իշխանության կողմից, ապա ինչու չօգտվի տվյալ իրավիճակից։ Ես կարծում եմ, որ սահմանային կեղծ տեղեկությունը կրակոցների մասին վկայում է, որ իրենք նպատակ ունեն համաձայնագիրը կամ պայմանագիրը չստորագրելու ճանաապրհներ գտնել, քանի որ Ադրբեջանը հասկանում է, որ իր գերնպատակը՝ Հայաստանն առհասարակ անդամալույծ դարձնելու ուղղությունները, մի քանիսն են. մասնավորապես, ադրբեջանցիների «վերադարձը» (ինչպես իրենք են ասում) ՀՀ, երկրորդը՝ ռազմական հանցագործների մասով գործողությունները, այսինքն՝ այն մարդիկ, որոնք Ադրբեջանի դեմ երբեւէ թթու խոսք են ասել, այդ մարդիկ էլ կարող են ռազմական հանցագործ դառնալ։ Սա է պատճառը, որ իրենք փորձում են պայմանագրից դուրս իրենց պահանջները կատարված կամ թեկուզ պրոցեսի մեջ տեսնել, որը սահմանային լարվածությամբ են փորձում ստիպել։

-Այսինքն՝ սպասենք նաեւ ռազմական գործողությունների՞։

-Ես ակնկալում եմ, որ, այո, քանի որ Ադրբեջանը հաշվել է այս իշխանության ատամները։ Ամեն անգամ ռազմական գործողությունից հետո այսպես մեծ սկուտեղով մատուցված տարածքներ, քաղաքական պայմանավորվածություններ են հանձնվում Ադրբեջանին։

-Այս անգամ ի՞նչը կզիջեն, եթե ռազմական գործողություններ լինեն։

-Զանգեզուրի միջանցք ասվածի մասին կարծես թե հաճախ ենք սկսում մոռանալ,  բայց իրենց քարոզչական դաշտը, պետական հայտարարությունը, անգամ Թուրքիան դրա մասին ամեն օր խոսում են, եթե ոչ օրվա մեջ մի քանի անգամ, ապա միեւնույնն է՝ շատ լուրջ քարոզչական դաշտ է ստեղծված Ադրբեջանում եւ Թուրքիայում, որով փորձում են դա որպես առաջնահերթություն ներկայացնել։ Այդ ուղղությամբ նաեւ տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայտարարություն՝ եթե «չտաք, մենք կբացենք», Ալիեւի հայտարարության մասին է խոսքը։ Ինձ համար, թերեւս, զարմանալի չէ Ադրբեջանի ապակառուցողական կողմը, զարմանալի չէ, որ այս օկուպացիոն ռեժիմն առհասարակ ամեն բան կանի Ադրբեջանի քմահաճույքները բավարարելու համար։ Զարմանալի էլ չի լինի անգամ, որ համաձայնի ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ դա ներկայացնելով որպես համակեցության սկզբունք, դե, գիտեք չէ՞, մենք էլ ժողովրդավարության բաստիոն ենք ու հետեւաբար՝ համակեցությունը շատ կարեւոր դրույթ է ժողովրդավարության մեջ։ Առհասարակ ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին պաշտպանված չէ, ամենեւին կարեւոր չէ, որ մենք բանակ ունենք, որը տարբեր կողմերից բզկտված կարգավիճակում է։ Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանը չունենա ստորագրված որեւէ փաստաթուղթ կամ, անգամ ունենալու դեպքում, պետք է ուենա 10 տոկոսով երաշխավորված փաստաթուղթ, որը հետագայում կլինի ՀՀ զարգացումը, ռազմական հզորությունը, անկախ գործելու բոլոր հնարավորությունները զսպելու գործիք։

-Խոսեցիք նաեւ Խաղաղության պայմանագրից։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Խաղաղության պայմանագիրն իրոք խաղաղություն բերի։

-Ադրբեջանը խաղաղություն տեսնում է միայն մեկ տեսքով՝ հողի տակ թաղված հայերով, ես դա այդպես եմ տեսնում՝ հիմնվելով մասնագիտական դաշտի ուսումնասիրությունների վրա։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու ժամանակ հունվարի 8-ին ինչ հայտարարագիր է ներկայացրել Սարիկ Մինասյանը։

 

Այսպիսով, ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելով 2024 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Մինասյանը հայտարարագրել է այդ պահի դրությամբ ունեցած Գյումրու բազմաբնակարաններից մեկում գտնվող 2 բնակելի տները, որոնք ձեռք են բերվել 2004 եւ 2023 թվականին։

Նա հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Mercedes-Benz մակնիշի, որոնք ձեռք է բերել 2017 եւ 2019 թվականներին։

Սարիկ Մինասյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 հազար 500 եվրո, 6 հազար դոլար եւ 12 մլն դրամ։

Դեկտեմբերի 13-ից մինչեւ հայտարարագիրը լրացնելու ժամկետը Սարիկ Մինասյանը Գյումրու համայնքապետարանից ստացել է 431 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 17 մլն 333 հազար դրամ։ Այս բաժնից հասկանում ենք նաեւ, որ բնակարաններից մեկը հիփոթեքային վարկով է ձեռք բերված, որի մայր գումարի մնացորդը հայտարարագրի ներկայացման պահին կազմել է 10 մլն 843 հազար դրամ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս