
4 անգամ Գյումրու համայնքապետ եղած Վարդան Ղուկասյանը, ով առաջին անգամ համայնքապետ է եղել 1999 թվականին, ապա 2002, 2005 եւ 2008 թվականներին, վերընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։ Վարդան Ղուկասյանը վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ դադարել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր լինելուց։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Ղուկասյանը հայտարարագրել է Գյումրիում գտնվող 4 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն, 2 հողամաս, որոնք համապատասխանաբար ձեռք են բերվել 2009, 2002, 2006 թվականներին։ Ղուկասյանը հայտարարագրել է տրանսպորտի միջոց BMW եւ Mitsubishi մակնիշի, որոնք ձեռք են բերվել 2007 եւ 2019 թվականներին։
Բանկային հաշիվների մնացորդները, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 850 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 280 հազար դրամ։ Վարդան Ղուկասյանը մինչ պաշտոնը դադարեցնելու օրը ստացել է 7 մլն 471 հազար 990 դրամ, որից 4 մլն 371 հազար դրամը ստացել է աշխատանքի վարձատրություն ՀՀ Ազգային ժողովից։ «Ալեքպոլ» ՍՊԸ-ից նա ստացել է 2,4 մլն դրամ՝ որպես մասնաբաժնի դիմաց ստացված եկամուտ, իսկ 700 հազար դրամ Ղուկասյանը ստացել է «Կարեն Մովսիսյան» Ա/Ձ վարձակալության դիմաց։
Վարդան Ղուկասյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցանկը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ 2025 թվականի փետրվարի 20-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին։ Ներքին գործերի նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ «Ղուկասյանը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք ունենալու համար։ Նա այս պահին քրեական ոստիկանության Շիրակի մարզային բաժնում է։ Ձերբակալվել է նաեւ Ղուկասյանին ուղեկցող անձը»։ Վ. Վարդան Ղուկասյանը հայտարարել էր Գյումրու քաղաքապետի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Նա սոցցանցի իր էջում հայտարարություն էր տարածել ձերբակալության վերաբերյալ, որում ասված էր. «Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը եւ իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` գյումրեցու ձայնը լռեցնելուն ուղղված: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջեւ: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ», – գրված էր հրապարակման մեջ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երեւանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-ն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով՝ բախվել քարերին եւ հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդի մարմինը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ եթե վարորդը ամրակապված լիներ, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար, քանի որ, ըստ մասնագետի, ավտոմեքենայի վարորդի նստատեղի հատվածն այդքան էլ վնասված չէ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
ՍՊԱՆԵԼ Է՝ ԿՆՈՋԸ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նախօրեին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14:00-ից 15:00-ի ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա եւ 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետեւանքով նա մահացել է։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ժամը 15:35-ին ձերբակալվել եւ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները պարզել են, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։ Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։
ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔ. ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Դ-ն 2023 թվականի հունվարի 15-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել է դրանք, այնուհետեւ ապահովել է թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները եւ «Տելեգրամ» հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած եւ կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացումը:
Հիշյալ եղանակով՝ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով, իրացման նպատակով ձեռք բերված թմրամիջոցներից «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Ա. Դ-ի մոտ:
Ա. Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ա.Դ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու նպատակով կատարվում են քննչական եւ վարութային գործողություններ: