Armenian text to speach

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ: Նշենք, որ նա այն քիչ պատգամավորներից է, որը տեղյակ է Խաղաղության պայմանագրի բովանդակությունից:

 

-Տիկի՛ն Գրիգորյան, քանի որ Դուք այն եզակի մարդկանցից եք, ով ծանոթացել է Խաղաղության պայմանագրի բովանդակությանը, միասին քննարկենք՝ ինչ է իրենից ենթադրում Խաղաղության պայմանագիրը: Արդյոք  գերիների եւ անհետ կորածների մասին կետ կա՞ պայմանագրում, որը ենթադրում է, որ Հայաստանին պետք է վերադարձվեն բոլոր գերիները:

-Ես այն չորս պատգամավորներից մեկն եմ, որը հնարավորություն ուներ ինչ-որ փուլում ծանոթանալու բանակցվող փաստաթղթին, եւ հետո ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմը դժգոհ էր այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը կարող է ծանոթանալ այդ փաստաթղթին, իր դիրքորոշումները հայտնել ու մարդկանց փոխանցել այն անհանգստությունները, որոնք փաստացի կան, եւ հիմա էլ մենք տեսնում ենք: Նիկոլ Փաշինյանը, լսելով ադրբեջանական կողմի դժգոհությունները, արգելեց, որ մենք պատգամավորներով գնանք եւ տեսնենք այդ պայմանագիրը: Հետո մենք դիմել ենք դատարան, եւ հիմա գործընթացը է գնում: Բայց  մինչեւ բուն բովանդակությանն անցնելը, ուզում եմ ասել, որ սա իսկապես խայտառակություն է, երբ հայտարարվում է, որ փաստաթուղթն արդեն բանակցվել է, ավարտվել է… Նույնիսկ  բանակցությունների ընթացքում նրանք փաստաթուղթը մեզնից գաղտնի պահելու որեւէ հիմք չունեին, որովհետեւ դա իրենց ոչ թե ցանկությունների տիրույթում էր, այլ պարտականությունների: Եվ մեր լիազորությունների տիրույթում էր գնալ եւ ծանոթանալ այդ փաստաթղթին: Բայց նշեմ, որ նույնիսկ հիմա՝ ավարտելուց հետո, մենք գիտենք,  թե ինչ է գրված փաստաթղթում: Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» մեծամասնությունը չգիտի, թե այնտեղ կետ առ կետ ինչ է ներառված: Աբսուրդ է քննարկել, որ գնում են ստորագրելու մի փաստաթուղթ, որի մասին ժողովուրդը հավաքական առումով տեղյակ չէ: Բայց, իհարկե, կան կետեր, որոնք ակնհայտորեն ներառված չեն փաստաթղթի մեջ, որոնք հիմնական խնդիրներն են: Այսինքն՝ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է, որ երկու կողմերն ունեն միմյանց հետ խնդիրներ, այդ խնդիրները լուծվել են, ու կնքվում է միմյանց հետ պայմանագիր: Եվ այդ պայմանագրի մեջ ներառված չէ գերիների հարցը: Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելն է, բայց դա բանակցությունների մաս չի կազմում: Հիմա ես եմ հարց տալիս. դա ինչպե՞ս կարող է կոչվել Խաղաղության պայմանագիր, երբ այդ թուղթը ստորագրելուց առաջ եւ հետո մեր հայրենակիցները շարունակելու են գտնվել Բաքվի բանտում: Մենք դա ենք ասում Փաշինյանին, որ դու չես կարող ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ քո բոլոր խնդիրները առկախ են. դու բերում ես մի թուղթ որով ամրագրվում են Ադրբեջանի կողմից առաջադրված բոլոր պահանջները:

-Ադրբեջանը 139 քկմ Հայաստանի ինքնիշխան տարածքից զավթել, առաջ է եկել, եւ մենք իշխանական մակարդակով պահանջներ չենք ներկայացնում Խաղաղաության պայմանագրում:

-Որպես մարդ, ով ծանոթացել է փաստաթղթին, գիտեմ, որ ինչ-որ փուլում իշխանությունն առաջարկում էր, որ թղթում ամրագրվի որեւէ թվականի քարտեզ այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան մեր երկրի տարածքից, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համաձայնել դրան: Ընդհանրապես տարածքների դեօկուպացիայի հարցը դուրս է մնացել բանակցային գործընթացից, եւ հիմա առանձին ասում են, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացով պետք է տեղի ունենա, այն իրականացվում է կանոնակարգով: Այսինքն՝ այն կանոնակարգը, որը ՔՊ մեծամասնության կողմից ընդունված է, նույնիսկ այդ կանոնակարգի մեջ որեւէ թվականի քարտեզ ներառված չէ: Եվ երբ մենք ասում ենք՝ Դուք նման հարց չեք դրել բանակցություններով, հարց չեք դրել մեր երկրի տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ, իրենք ասում են, թե, լավ այստեղ չենք արել, բայց առանձին՝ սահմանազատման գործընթացում կանենք: Ակնհայտ է, չէ՞, որ այս դիրքերով բանակցողը չի կարող հասնել նրան, որ ադրբեջանցիները դուրս գան մեր երկրի տարածքից:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ՎԱՆՔԵՐ ԵՆ ՔԱՆԴՎՈՒՄ

Տավուշի մարզում բազում հնամենի վանքեր, պատմական հուշարձաններ՝ Կիրանցի, Առաքելոց, Դեղձնուտի վանքերը, Մշկավանքը եւ այլ կոթողներ, վատթար վիճակում են, քանդվում քայքայվում են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցրել է. «Տավուշի մարզում 2025 թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ քանի՞ հնամենի պատմական հուշարձան է նորոգվելու, որո՞նք են այդ հուշարձանները, ինչքա՞ն է տրվելիք գումարի չափը, ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները»։

Հարցմանն արձագանքել են. «2025 թվականին նորոգվելու է Սրվեղի վանական համալիրը եւ Տավուշի Բերդ ամրոցը: Վերանորոգման գումարի չափը ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն»:

 

 

 

 

ՍՈՑՓԱԹԵԹԻՑ ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը, տեղեկատավական հարցում կատարելով, իմացել է, որ Տավուշի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում գործում է 1-4-րդ դասարանների աշակերտների անվճար սննդի ապահովման ծրագիրը, որն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը եւ ԿԶՆԱԿ հիմնադրամը: Մարզպետարանից հայտնել են, որ աշակերտներին սնունդ տրամադրող աշխատակիցները հանդիսանում են տվյալ դպրոցի հրամանագրված աշխատողներ, սակայն նրանք սոցիալական փաթեթից չեն օգտվում: Սա խտրականություն է։

 

 

 

ՓՈՐՁՈՒՄ Է «ՋՐԻՑ ՄԱՔՈՒՐ ԴՈՒՐՍ ԳԱԼ»

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021 թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցրել է. «Սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղից Ադրբեջանին հանձնված տարածքների հանձնման գործընթացի շրջանակներում Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ իրեն պատկանող հողամասի համար։ Ինչպե՞ս է լուծվելու իրենց հողերից զրկված այդ բնակիչների խնդիրը»։ Մարզպետարանից պատասխանել են. «Գաղտնի որոշումների մասով Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկատվություն չունի, իսկ բնակիչների հողային հարցերով առաջարկում ենք դիմել համայնքին»: Մարզպետը փորձում է «պղտոր ջրից մաքուր դուրս գալ», 2024 թվականի գարնանը նա թունդ վիճաբանում էր սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելու դեմ բողոքող, ճանապարհը փակած Կիրանցի բնակիչների հետ, մարզպետն էր մարզպետարանի շենքում Կիրանցի բնակիչների հետ սակարկում Ադրբեջանին հանձնված հողերի տերերին պետական բյուջեից որպես փոխհատուցում տրված գումարների չափերը։ Իսկ հիմա մարզպետն ասում է, որ գաղտնի որոշումների մասով Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկատվություն չունի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս