«ՍԻՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ը հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի եւ ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից Էրիխ Ֆրոմի հիշատակի օրն էր։

 

Էրիխ Ֆրոմը հայտնի է նրանով, որ համառորեն եւ հետեւողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհն ազատագրելու համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը եւ անսասանությունը։

Էրիխ Ֆրոմը նաեւ գրքեր է հեղինակել։ Վերջինիս հանրահայտ գիրքը «Սիրելու արվեստը» բեսթսելերն է, որի վերնագիրը հնարավոր է մի փոքր շփոթության մեջ գցի ընթերցողին։

Էրիխ Ֆրոմի կարծիքով՝ սերը կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից, սակայն այսօր մեր իրականությունում ոչ ոք չի սիրում այնպես, ինչպես պետք է։

Ֆրոմի համոզմամբ՝ սերը նույնպես արվեստ է եւ դրա մեջ պետք է խորանալ, հմտանալ, ըմբռնել ամեն բան եւ նոր գիտելիքներ ստանալ։

ArmLur.am-ը ներկայացնում է «Սիրելու արվեստը» գրքից հետաքրքիր մեջբերումներ, որոնք կստիպեն ձեզ երկար մտածել։

Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ եւ դրանով հանդերձ` մնում առանձին:

Սերը որպես զգացում մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ:

Հարգանքը ամենեւին էլ վախ եւ ակնածանք չէ, այլ մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:

Մայրական սերը մարդուն օժտում է երանության զգացումով, իսկ բացակայությունն առաջացնում է հուսահատության եւ հուսախաբության զգացում: Մայրը սիրում է իր զավակներին, քանի որ նրանք իրենն են եւ ոչ թե  այն պատճառով, որ նրանք հնազանդ են կամ լավը:

Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…

Երկու մարդ սիրահարվում են այն ժամանակ, երբ զգում են, որ փոխադարձաբար մարդկային շուկայում գտել են լավագույն օբյեկտին:

Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ նա շատ ունի:

Անզուսպ տարվածությունը մեկմեկու հանդեպ՝ սիրո ուժի ապացույց չէ, այլ միայն դրան նախորդող անսահման միայնության վկայություն է։

Օրհնված է նա, ով իմանալով մտածում է, որ չի իմանում, դժբախտ է նա, ով չիմանալով մտածում է, որ ամեն ինչ գիտի եւ ամեն ինչ հասկանում է։

Սերը անընդհատ մարտահրավեր է, այլ ոչ հանգստի վայր, այն շարժում է, զարգացում, համագործակցություն, համաձայնություն, թե՛ կոնֆլիկտ, ուրախություն թե՛ տխրություն։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՇՔԱՆՇԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվել է «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը՝ շնորհված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից Հայոց Հայրապետի գահակալության 25-րդ տարեդարձի կապակացությամբ ՝ ի գնահատություն երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի։

 

Այս առիթով Մայր Աթոռ էր ժամանել Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական ու մշակութային գործիչներ։ Այնուհետեւ Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հրապարակեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի շնորհավորական ուղերձը։

Նորին Սրբությունը հաստատել է, որ այդ կապերի ակունքներում հավատակից երկու ժողովուրդների պատմական առնչակցություններն են ու դարերով կոփված եղբայրությունը, որը շարունակաբար պետք է զորացվի ու ամրապնդվի նաեւ երկու Եկեղեցիների համատեղ ջանքերով։

Նորին Սրբությունը նշել է, որ այս բարդ ժամանակներում ծանր ապրումների ու մտահոգությունների մեջ է եղել նաեւ Կիրիլ Պատրիարքը՝ պայմանավորված պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի եղբայր ժողովուրդների, իր հավատավոր զավակների հակամարտությամբ եւ վերջինիս հետեւանքով Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հառնած լրջագույն հիմնախնդիրներով։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի կենաց արեւշատության, արգասավոր գահակալության եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության համար։ Նորին Սրբությունը մաղթեց նաեւ, որ Ամենողորմ Տերը զորավիգ լինի երկու ժողովուրդներին՝ պահելով ամուր իրենց հավատի ու ապագայի նկատմամբ լավատեսության մեջ, եւ պարգեւի խաղաղություն, ապահովություն ու բարօրություն։

Հանդիսությունն ամփոփվել է «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի կատարմամբ եւ Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։

 

 




Լրահոս