
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականների։
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը: Այս առնչությամբ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հոգևորականների հովվական ու աստվածաբանական գիտելիքների հարստացումը` ժամանակակից մարտահրավերների պայմաններում գիտական նոր ձեռքբերումներով իրենց հոգևոր առաքելությունը արդյունավոր կերպով իրականցնելու համար։
Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդով զորացած՝ անձնդիր ու եկեղեցանվեր ծառայությամբ իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը։
Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին: