
Այս օրը նշվում է Դաունի համախտանիշի մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, կեցության հատուկ պայմաններ ունեցող անձանց օգնելու և մարդասիրական մի շարք այլ նպատակներով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Օրը պատահական չէ ընտրվել` երրորդ ամսվա քսանմեկերորդ օրը, քանի որ Դաունի համախտանիշը կապված է 21-րդ քրոմոսոմի 3-րդ տրիսոմիայով՝ (տրիսոմիա 21)։
Վիճակագրական տվյալներով՝ 700–800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով։ Տարբեր երկրներում հանդիպելիության հարաբերակցությունը նմանատիպ է և կախված չէ սննդից, կրթության մակարդակից, ազգությունից և ծնողների կենսակերպից. մոր տարիքի (35 և ավելի) հետ մեկտեղ մեծանում է Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու ռիսկը։
Մեր երկրում իրականացվում են մի շարք սքրինինգային ծրագրեր, որոնց նպատակն է հիվանդությունների և/կամ համախտանիշների վաղ ախտորոշումը, հնարավորության դեպքում բուժումը և բարդությունների կանխարգելումը։
Պետական պատվերի շրջանակում հղիության 11-14 շաբաթական ժամկետում կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում, պտղի զարգացման արատների առումով ռիսկի խմբի (մեծահասակ հղիներ` 35 տարեկան և ավելի, ընտանիքում զարգացման բնածին արատ ունեցողներ) հղիների մոտ պտղի զարգացման արատների, հատկապես Դաունի համախտանիշի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվում է նաև կենսաքիմիական սքրինինգ՝ մարդկային խորիոնային գոնադոտրոպինի և PAPP-A որոշում։
Այժմ պիլոտային ծրագրի շրջանակներում Շիրակի և Տավուշի մարզերում իրականացվում է պրենատալ անվճար սքրինինգ (էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն և կենսաքիմիական սքրինինգ) բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոնների առկայությունից:
Առավել ստույգ ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ հետազոտություն՝ կարիոտիպի որոշում: Այս հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն Դաունի համախտանիշի առկայությունը, այլև` որոշել տրիսոմիա-21-ի տեսակը։
Դաունի համախտանիշով յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, ունի աճի ու զարգացման որոշակի առանձնահատկություններ: Ուստի, պահանջում է անհատական մոտեցում առողջապահական կարիքների գնահատման, համապատասխան բուժօգնության տրամադրման առումով:
Համալիր միջոցառումները կարող են նպաստել այս երեխաների` հասարակությանը ինտեգրմանը: