
Այսօր ջրի համաշխարհային օրն է։
Ջուրը կյանքի հիմքն է, էներգիայի ու փոփոխության խորհրդանիշը։
Փիլիսոփայորեն ջուրը հաճախ ասոցացնում են հարմարվողականության հետ, քանի որ այն հոսելով գտնում է իր ճանապարհը, ընդունում յուրաքանչյուր ձև և երբեմն էլ «փորում» ժայռեր։ Այդ պատճառով էլ ջուրը շատ ժամանակ համարվում է ուժի խորհրդանիշ։
Արվեստում և գրականության մեջ ջուրը մաքրության խորհրդանիշն է և հայերի շրջանում էլ շատ հաճախ կարելի է հանդիպել շատ ասացվածքների, առածների և լավ խոսքերի, որոնք կապված են ջրի հետ։
Օրինակ՝ «Ջրի բերածը ջուրը կտանի», «Ջրի նման երկար կյանք ունենաս», «Ջուրն ընկածն անձրևից չի վախենա» և այլն։
Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 միլիարդը` դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ:
ArmLur.am-ը ներկայացնում է օրվա խորհրդի մասին։
Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993թ. փետրվարի 22-ին։
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում:
Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր բնակչությանը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ:
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևի՝ պետություններին առաջարկվել է այս օրն անցկացնել ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը նվիրված միջոցառումներ:
Ջուրը մեր մոլորակի ամենաթանկ ռեսուրսն է, որի պահպանությունը կենսական նշանակություն ունի մարդկության, բուսական և կենդանական աշխարհի համար:
Քաղցրահամ ջրային պաշարների շուրջ մեկ երրորդը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում, չորրորդ մասը՝ Ասիայում, իսկ հետխորհրդային երկրները կազմում են մի փոքր ավելի՝ 20%-ը: Միայն մոտ 2%-ը կենտրոնացած է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Նշենք, որ Հայաստանում օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:
Հավելենք նաև, որ կապուտակ Սևանը Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին և աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերից մեկն է:
Աննա Սրապիոնյան