
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից՝ նախորդ կիրակի օրվանից սկսած, կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։
Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում են փոխադարձ կրակոցների մասին տեղեկությունները։
Այսօր առավոտյան կրակոցների մասին հայտնել էր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։
«Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»,-հարցեր էր հնչեցրել Առաքելյանը։
Եվ մինչ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չէր տալիս, 24News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են հնչել սահմանի հարավարևելյան հատվածում՝ Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ArmLur.am-ի հետ զրույցում Կութի համայնքապետ Գրիգորի Ավակյանը հավաստիացրել էր, որ գյուղում կրակոցներ չեն լսվել, եթե նույնիսկ եղել են, ապա հնարավոր է փոքր տրամաչափի զենքերով են եղել, որոնք գյուղում հաճախ լսելի չեն։
Ավելի ուշ ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրակոցները եղել են Սոթքի ոսկու փակ հանքի ուղղությամբ և ադրբեջանական կողմն իսկապես խախտել է հրադադարը։
Ազգային ժողովում Սուրեն Պապիկյանն էլ հավաստիացնում էր, որ կրակոց չկա և զենքերի կուտակում առավել ևս։
Սակայն հարկ է արձանագրել, որ այս կրակոցները, հայկական և ադրբեջանական մամուլում տեղ գտած հերքումներն ու հաստատումները «Խաղաղության պայմանագրի» ֆոնին ապացուցում են Ադրբեջանի և՛ քաղաքական, և՛ ռազմական լարվածությունը Հայաստանի դեմ։
Փաստն այն է, որ ՊՆ-ի ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքերում մեղմացնել «Խաղաղության պայմանագրի» գաղափարը և համոզել, որ խաղաղություն կա, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն այլ բան են ասում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան