
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարում բնակարանային և մեքենաների մասերի գողությունների դեպքերը։
«Ինձ համար ևս մտահոգիչ են այդ դեպքերը։ Պրակտիկայում արձանագրում ենք, որ շատ հաճախ գործում են տարբեր խմբեր։ Վերջերս բացահայտվել է մի խումբ, որը զբաղվել է բնակարանային գողություններով ոչ միայն Կոտայքի մարզում, այլև Երևանում և մի շարք այլ մարզերում։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ կերպով կազմավորված խմբերի գործունեությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ նման խմբերի բացահայտման արդյունքում մի շարք նախորդ չբացահայտված հանցագործություններ նույնպես համարվում են բացահայտված։
Սակայն, ըստ նախարարի, դեռևս անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը՝ հանցավոր գործողությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։
«Մենք նկատում ենք, որ հանցանք կատարող անձինք շատ հաճախ օգտագործում են ենթակառուցվածքային պայմանները, օրինակ՝ լուսավորության բացակայությունը, տեսախցիկների անկյունները, ինչպես նաև հատուկ հագուստ, որպեսզի խուսափեն նույնականացումից»,- ասաց Սարգսյանը։
Նախարարն ընդգծեց, որ 2025 թվականի առաջին ամիսներին բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում աճ է արձանագրվել։