Խաղեր չտա՛լ Սերժ Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի հրաժարականին, երեկ հանդես է եկել հերթական հարցազրույցով, որի հիմնական նպատակը, ակնհայտորեն, «հրաշալի քառյակի»  անդամների և Սերժ Սարգսյանի հնարավոր  համագործակցության կանխարգելումն է:

Դրա համար Տեր-Պետրոսյանը նախ` այսպես ասած` «դուխ է տալիս» քառյակին` հայտարարելով, որ «անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում». «Ուստի` միանգամայն զուր են այլևայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները»,-արձանագրում է ՀԱԿ առաջնորդն, ապա հավելում. «Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ  ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել: Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին և նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը»:

Այդպիսով` Տեր-Պետրոսյանը ոչ միայն  ոգևորում է  ոչ իշխանական քառյակին, այլև զգուշացնում` «խաղեր չտալ Սերժ Սարգսյանի հետ», անգամ եթե առաջարկվի վարչապետի պաշտոնը, հակառակ դեպքում` «պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վր»:

Սա, ակնհայտորեն` առաջին հերթին ուղղված է «Բարգավաճ Հայաստան»-ին, որն ի հակառակ Տեր-Պետրոսյանի շարունակական ջանքերի, այդպես էլ չհայտարարեց ընդդիմություն դառնալու մասին:

Եվ հիմա, երբ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվել կրկին դեպի իշխանության գիրկը վերադառնալու համար, Տեր-Պետրոսյանը շտապում է   համոզել, որ կառավարության մաս կազմելու դեպքում ԲՀԿ-ն շատ արագ կվարկաբեկվի, «որովհետև, թեև Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց գրեթե անպատրելի է  վարագույրի հետևում ընթացող  ինտրիգների դաշտում:  Իսկ դա նշանակում է, որ  փաստացի տիրապետելով ուժային կառույցներին… և տեղեկատվական  ոլորտին, նա  ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել  ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր  անհաջողությունները բարդելով նրա վրա»:

Իհարկե, դժվար է չհամաձայնել այս  կանխատեսման հետ, սակայն նույնքան դժվար է նաև չնկատել, որ եթե  ԲՀԿ-ն, այդուամենայնիվ, որոշի համագործակցել Ս. Սարգսյանի հետ, մեծապես կվարկաբեկվի հենց ինքը` Տեր-Պետրոսյանը, քանզի ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի ոչ միայն քաղաքական ինտրիգների, այլև «քաղաքագիտական վերլուծությունների»  բնագավառում:




Լրահոս