ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից՝ նախորդ կիրակի օրվանից սկսած, կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։
Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում է փոխադարձ կրակոցների մասին տեղեկությունները։
Երեկ՝ առավոտյան, հայկական կողմում լսված ադրբեջանական կրակոցների մասին հայտնել էր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։
«Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խոր քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու», – հարցեր էր հնչեցրել Առաքելյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում էլ լեզվական մանևրով հասկացրեց՝ «կրակոցները գետնի վրա չեն եղել»։
Տեղեկացնենք, որ օրերս Ադրբեջանում նշվում է Նովրուզին նախորդող վերջին երեքշաբթի օրը՝ «Տորպագ Չերշենբեսին» («Երկրային երեքշաբթի»), Ադրբեջանում այն նշվում է հատուկ հանդիսավորությամբ։ Հենց այս տոնի առիթով է, որ Ադրբեջանական կողմն ակտիվացել է և օդ կրակել։ Ի դեպ, այս «ավանդույթով» միշտ են կրակոցներ հնչել:

ՊՆ-ն այդ կրակոցներն արձանագրել է և հերքումները բառախաղի միջոցով է արել։

Նկատենք, որ հերքումներին զուգահեռ թիրախավորվեց Մեսրոպ Առաքելյանը, և որպեսզի հասարակության աչքին սուտասան չերևա, հրապարակեց տեսանյութ, որտեղ կինը Սոթքից պատմում է տեսածն ու լսածը՝ այդտեղ եղել են կրակոցներ երեկոյան և առավոտյան։

Այսպիսով, փաստացի կրակոցներ եղել են, իսկ երեկ Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման»։

Փաստն այն է, որ ՊՆ-ի ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքերում մեղմացնել Խաղաղության պայմանագրի գաղափարը և համոզել, որ խաղաղություն կա, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն այլ բան են ասում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս