Եթե ՏԻՄ-ը ազդարարման համակարգեր չստեղծի, կտուգանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովում քննարկվելու է Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության կողմից հեղինակած նախագծերը։

Հիմնական զեկուցողը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն է, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի՝ Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենսդրության պահանջները խախտելը ենթադրում է տուգանք․

1. Տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պաշտպանական կառույցների (բացառությամբ բնակելի ֆոնդի) պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստվածության բերման ապահովման պարտականությունը չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, կազմակերպության պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում իրենց գործելու կամ աղետների ռիսկի կառավարման պլանը չմշակելը, լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելը, չհաստատելը կամ հանրապետական արձագանքման պլաններով իրենց վերապահված գործողությունները պլանում չներառելը, ինչպես նաեւ դրա կիրարկումը չապահովելը՝

առաջացնում է նախազգուշացում՝ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում խախտումը չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով ազդարարման համակարգեր չստեղծելը, դրանց անխափան աշխատանքը կամ աշխատողների ազդարարումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

5. Կազմակերպությունների կողմից, իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով, ռիսկային գոտում գտնվող համայնքների ազդակիր բնակավայրերում ազդարարման համակարգեր չստեղծելը կամ դրանց անխափան աշխատանքը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:

6. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների կամ համայնքի բնակչության կամ կազմակերպության աշխատողների ուսուցումը կամ իրազեկումը չիրականացնելը, ինչպես նաեւ ուսումնավարժություններ չանցկացնելը՝

առաջացնում է նախազգուշացում՝ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ։

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, խախտումը չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

8. Տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին լիազոր մարմնին չտեղեկացնելը՝

1) առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.

3) առաջացնում է տուգանքի նշանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ստացվում է, որ միայն Տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ բնակչության պաշտպանության ուղղությամբ ուսուցումը կամ իրազեկումը չիրականացնելը նախազգուշացվում է, սակայն արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին լիազոր մարմնին չտեղեկացնելը, պաշտպանական կառույցների սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստվածության բերման ապահովման պարտականությունը չկատարելը տուգանվում է։

Էմմա Միքայելյան




Լրահոս