
Առհասարակ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ցանկացած տոն, ավանդույթ և սովորություն ինքնին հետաքրքիր է, սակայն այս անգամ ևս կանդրադառնանք պահոց շրջանին։
Մեծ պահքի շրջանը որքանով էլ փորձություններով լի է, այնքան էլ հետաքրքիր շրջան է։
Պահոց շրջանը շուտով կսկսիժվի, այսինքն շուտով միջինք է։
Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը նախանշում է, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է 24 օր։
Ըստ Մաղաքիա արքեպս. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այդ շրջանում պահեցողները օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Մեծ պասը լուծվում է Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով: Ինչպես Ավետարանն է պատվիրում, ուտողը թող չանգոսնի չուտողին և փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը հաճեցնի և որ գլխավորն է ու Մեծ պասի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարի՝ 2025-ին, միջինքը նշվում է մարտի 26-ին՝ չորեքշաբթի օրը։
Իսկ ի՞նչ են անում միջինքի ժամանակ։ Նշենք, որ միջինքը տոն չէ, սակայն հին հայկական տներում միջինքի ժամանակ պատրաստել են բաղարջ կամ գաթա, որի մեջ թաքցրել են մետաղադրամ, ուլունք, լոբու հատիկ։ Բաղարջը հայտնի է նաև այլ անվանումներով՝ միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլն։
Առավել հետաքրքիր է միջինքի բաղարջը կամ գաթան կտրելու ընթացքը․ տան ամենաավագը բաղարջը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրատում։ Ամենափոքրը, ում մեջքին կտրատվել է բաղարջը, որոշում էր, թե ում պետք է տան բաղարջի կտորը։ Ում բաժնից դուրս էր գալիս թաքցրած մետաղադրամը, ապա այդ տարում հաջողությունների պակաս չէր ունենա այդ մարդը։
Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։
Հնուց մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Այժմ էլ տան տիկինները պատրաստում են բաղարջ կամ գաթա, մեջը թաքցնում մետաղադրամ և ամեն բան շարունակում ըստ հերթականությամբ։
Սա կարելի է ասել, որ հայկական ավանդույթներից ամենասպասվածն ու սիրվածն է։
Միջինքի ծեսով կարելի է ասել, որ փոքր-ինչ մեղմվում է պահոց շրջանը։
Աննա Սրապիոնյան