
Թուրքիայում կատաղի բողոքի ցույցեր են Էրդողանի մրցակցի բանտարկությունից հետո։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են Թուրքիայի ողջ տարածքում անցկացվող ցույցերին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը պաշտոնապես ձերբակալվել է և մեղադրվել կոռուպցիայի մեջ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կիրակի օրը կայացած քվեարկության արդյունքում պետք է ընտրվեր որպես Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) 2028 թվականի նախագահի թեկնածու։
Ի պատասխան նրա ձերբակալության, կիրակի երեկոյան տեղի ունեցավ զանգվածային անկարգություններ, այսպիսի ցույցեր Թուրքիայում չէին եղել ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։ Ցույցերը ընթանում են ցուցարարների վրա արցունքաբեր գազեր և ռետինե փամփուշտներով կրակոցների ներքո:
Իմամօղլուն ասել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ «Ես երբեք չեմ ծնկի », – գրել էր նա X-ում նախքան կալանավորվելը։
Էրդողանը դատապարտել է ցույցերը և մեղադրել է CHP-ին «խաղաղությունը խաթարելու և մեր ժողովրդին բևեռացնելու» փորձի մեջ։
Ստամբուլի քաղաքապետարանի մոտ արդեն հինգերորդ գիշերը՝ կիրակի երեկոյան հավաքվել էր բազմություն՝ թուրքական դրոշներ ծածանելով և վանկարկումներով:
Ցույցերի ընթացքում սպաները օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազեր:
Իմամօղլուի կինը՝ Դիլեք Քայա Իմամօղլուն դիմել է քաղաքապետարանի մոտ հավաքվածներին՝ ցուցարարներին ասելով, որ իր ամուսնու դեմ իրականցված «անարդարությունը» «հարվածել է յուրաքանչյուր խղճին»։
Այս ցույցերը ամենամեծն են, 2013 թվականի Գեզիի բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին Ստամբուլում՝ տեղի այգու քանդման պատճառով:
Ընդհանուր առմամբ, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի 81 նահանգներից առնվազն 55-ում կամ երկրի ավելի քան երկու երրորդում, ըստ ֆրանսիական AFP լրատվական գործակալության տվյալների: Իմամօղլուն մեկն էր այն ավելի քան 100 մարդկանցից, ներառյալ այլ քաղաքական գործիչներ, լրագրողներ և գործարարներ, որոնք ձերբակալվել էին չորեքշաբթի օրը հետաքննության շրջանակներում:
Նա պաշտոնապես ձերբակալվել է կիրակի օրը և մեղադրվել «հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անձնական տվյալների ապօրինի գրանցման և մրցույթ կեղծելու համար»։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը մինչև դատաքննությունը: AFP-ն և տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրան տեղափոխել են Սիլիվրիի բանտ:
Սոցցանցերում իմամօղլուն քննադատել է իր ձերբակալությունը՝ որակելով որպես «սև բիծ մեր ժողովրդավարության վրա» և ասել, որ դատական կարգը չի պահպանվում։
Նա կոչ է արել մարդկանց ամբողջ երկրում միանալ բողոքի ակցիաներին:
Կիրակի ուշ երեկոյան X-ով իր փաստաբանների միջոցով տարածված ուղերձում Իմամօղլուն իր ողջույններն է հղել ցուցարարներին և ասել, որ ընտրողները ցույց են տվել, որ Թուրքիան «հոգնել է» Էրդողանից:
Նշենք, որ Իմամօղլուն միակն էր, ով մասնակցում էր CHP-ի նախագահի թեկնածուի ընտրությանը: Ձերբակալությունը չի խոչընդոտում Իմամօղլուի թեկնածությանը և նախագահ ընտրվելուն, սակայն եթե նա դատապարտվի իրեն առաջադրված մեղադրանքներից որևէ մեկի համար, նա չի կարողանա առաջադրվել։
Իմամօղլուի CHP կուսակցությունը հայտնել է, որ կիրակի օրը քվեարկությանը մասնակցել է մոտ 15 միլիոն մարդ:
X-ում գրառման մեջ Իմամօղլուի կինը կիսվել է նկարներով, որտեղ քվեարկել է և հորդորել ժողովրդին քվեարկել հանուն «ժողովրդավարության, արդարության և ապագայի»: Բանտարկված քաղաքական գործիչը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը, ով 22 տարի պաշտոնավարել է Թուրքիայում որպես վարչապետ և նախագահ:
Այնուամենայնիվ, ժամկետների սահմանափակման պատճառով Էրդողանը չի կարող կրկին առաջադրվել 2028 թվականին, քանի դեռ չի փոխել սահմանադրությունը:
Արդարադատության նախարարությունը քննադատել է այն մարդկանց, ովքեր ձերբակալությունների մեջ մեղադրում են ԷՐԴՈՂԱՆԻՆ և պնդում են, որ դատական համակրգը անկախ է։
Կիրակի օրը X-ի Գլոբալ կառավարության գործերի բաժինը հայտնել է, որ դեմ է Թուրքիայի հաղորդակցության կարգավորող մարմնի «բազմաթիվ դատարանի որոշումներին»՝ արգելափակելու ավելի քան 700 հաշիվներ հարթակում, ներառյալ թուրք քաղաքական գործիչների և լրագրողների հաշիվները:
X-ն ասել է, որ այդ քայլը «ոչ միայն անօրինական է, այլև խոչընդոտում է միլիոնավոր թուրք օգտատերերի ազատ խոսքր իրավունքը: Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները տասնյակ մարդկանց են ձերբակալել սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումների համար։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանությունը հայտնաբերել է առցանց 261 «կասկածելի օգտահաշիվներ», ովքեր իբր հրապարակել են «հանրությանը ատելության և թշնամանքի դրդող» և «հանցագործություն կատարելու դրդող» բովանդակությամբ նյութեր։
Միևնույն ժամանակ, Ստամբուլի համալսարանը երեքշաբթի հայտարարեց, որ հետ է կանչում Իմամօղլուի դիպլոմը՝ ենթադրյալ խախտումների պատճառով։
Եթե դա հաստատվի, դա կասկածի տակ կդնի նախագահի պաշտոնում առաջադրվելու նրա կարողությունը, քանի որ Թուրքիայի սահմանադրությունն ասում է, որ նախագահները պետք է բարձրագույն կրթություն ունենան՝ պաշտոն զբաղեցնելու համար:
Իմամօղլուի փաստաբանները հայտնել են, որ կբողոքարկեն նրա դիպլոմը չեղարկելու որոշումը Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Գերագույն ընտրական խորհուրդը կորոշի՝ արդյոք Իմամօղլուն կարող է թեկնածու լինել, թե ոչ։
Իմամօղլուի X -ում հինգշաբթի օրը հրապարակված ուղերձում կոչ է արել Թուրքիային «ազգովի կանգնել այս չարիքի դեմ»՝ դատական համակարգի և Էրդողանի կուսակցության անդամներին կոչ անելով պայքարել անարդարության դեմ:
«Ժամանակն է մեր ձայնը բարձրացնել»,- ասել էր Իմամօղլուն:
Իմամօղլուի հրապարակային ելույթներից մեկում նաև հայտնել է. «Ես խոստանում եմ ձեզ, որ հաղթելու եմ այս պայքարում»:
Իսկ փողոց դուրս եկած ուսանողները օրեր շարունակ վանկարկում են «Մենք չենք վախենում, չենք լռի, մենք չենք ենթարկվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան