Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի 235-Ա որոշմամբ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը:
Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը:
Նշենք, որ այս պաշտոնը նախկինում ղեկավարում էր Կարեն Գիլոյանը։ Նրա խոսքերով ազատման պատճառը մեծ ներգրավվածությունն է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ:
«WADA-ում աշխատանքիս զուգահեռ`  ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը: Չեմ հեռանում Հայաստանից, չեմ հեռանում սպորտից»,-նշել էր Գիլոյանը:




Լրահոս