
Վարդաշեն թաղամասի հանրակացարանների 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Ակցիայից մի քանի ժամ անց 2 շենքից 3-ական անձ հանդիպման գնացին Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ, իսկ ՀՀ կառավարության շենքի դիմաց շուրջ 1 ժամ սպասելուց հետո նրանց ընդունեց Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը։
«Հանդիպում ունեցանք Համլետ Նազարյանի հետ, չիմացանք` ով էր, բայց սիրալիր պատասխանեց մեր հարցերին։ Հիմա նորից դիմում ենք գրել կառավարությանը, որ տեսնենք, թե ինչ ժամկետներում են մեզ պատասխան տալու։ Նա մեզ ասաց, որ գործն ընթացքում է, բայց մենք էլ խնդրել ենք, որ ամեն ինչ ավելի արագացնեն։ Սպասելու ժամանակ չունենք, շենքերն ամեն վայրկյան կարող են փլուզվել»,– նշեց բնակիչներից մեկը։