ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի սրտի գործարարը իրեն պահեց Անդրանիկ Քոչարյանի նման. խարդախության գործի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջի թի բի» ընկերությունը այսօր, կարելի է ասել մեր՝ չորրորդ իշխանության ճնշման տակ, հանրային լսումներ էր կազմակերպել, սակայն ArmLur.am-ի մուտքը արգելեցին բաց լսումներին: Ավելին, ընկերության սեփականատերերից Գրիգոր Տեր-Ղազարյանը խուսափեց ArmLur.am-ի հարցերին պատասխանել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի ճարտարապետների պալատի և «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում հաղթած «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև քննարկում էր տեղի ունենում «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման թեմայով, քանի որ Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուրդը այս տարվա մարտի 1-ին բաց նամակ էր հրապարակել` հայտնելով մի շարք մտահոգություններ, որոնք վերաբերում են անցկացված կասկածահարույց մրցույթին, դրա հաղթողին և վերակառուցման ընդհանուր ծրագրին։

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանը, իմանալով, որ ArmLur.am-ից են եկել, փակել տվեց սրահի դուռն ու արգելեց ArmLur.am-ին մտնել։ Ավելի ուշ, երբ ավարտվեց քննարկումը, Տեր-Ղազարյանին մոտեցանք՝ հասկանալու, թե ինչ են քննարկել, սակայն Ղազարյանը անպարկեշտ վարք դրսևորեց և փորձում էր փախչել ArmLur.am-ի հնչեցրած հարցերի պատասխաններից։

Ավելի ուշ, երբ ArmLur.am-ի գործընկերներից մեկը մոտեցավ Գրիգոր Տեր-Ղազարյանին, նրանց հետ պայմանավորվեց խոսել պայմանով, եթե ArmLur.am-ը այդ զրույցին ներկա չլինի։ Եթե կարճ, ապա Գրիգոր Տեր-Ղազարյանը ցուցաբերեց նույն Անդրանիկ Քոչարյանի վարքը՝ տարբերակելով լրագրողներին։

Նման պահվածքն ուներ մեկ պատճառ․ քանի որ Տեր-Ղազարյանի անցյալի քրեական գործերը բացահայտել էր ArmLur.am-ը, և նորահայտ գործարարին ArmLur.am-ի նյութից հետո մարդիկ իմացան որպես նախկինում խարդախության համար դատապատվածի: Ահա դրա համար նա նեղսրտել է: Մինչդեռ ճշմարտությունից չես փախչի։ Այո, Գրիգոր Տեր-Ղազարյանը խարդախության համար նախկինում դատապարտվել է, որի մասով բոլոր փաստաթղթերը ArmLur.am-ի ձեռքի տակ են։

Հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այն հիմնադրվել է 2024 թ․ հոկտեմբերի 24-ին, և իրական շահառուն աղմկահարուց գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5 % մասնակցությամբ։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկինում՝ 2009 թվականին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս