
Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է առանց Բաքվին տեղյակ պահելու։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է.
«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ թուրքական կողմի՝ 1992թ․ նախարարների խորհրդի որոշմամբ Ալիջան սահմանային անցակետին տրվել է ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն մարդասիրական օգնության տեղափոխման համար։
«Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը երեկ Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել մեր երկիր՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա։ Այդ բեռնատարները նույն երթուղով կվերադառնան Հայաստան»,- հայտնել է գերատեսչությունից։