
Իրանի հարավարևելյան Քերմանի նահանգի Խոջեդք քաղաքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է YJC գործակալությունը։
«Ըստ Ռիխտերի սանդղակի 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Քերմանի նահանգում գտնվող Խոջեդքը»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 15:11-ին գրանցվել է 3,9 մագնիտուդով երկրաշարժ Քերմանից 62 կմ դեպի հյուսիս, հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։
Մարտի 21-ին Fars լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի Սպահան կենտրոնական նահանգի Նաթանզի մարզում, որտեղ գտնվում են Իրանի միջուկային օբյեկտները, ըստ Ռիխտերի սանդղակի 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս երկրաշարժը թվով երկրորդն էր դարձել այդ օրը։ Իսկ մարտի 20-ին նահանգի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Մոհսեն Մոմենին հայտնել էր, որ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նաթանզի Բադրուդ քաղաքում։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ Նաթանզում տեղակայված միջուկային օբյեկտները չեն տուժել այդ երկրաշարժերի հետևանքով։