
ArmLur.am-ը գրել էր, որ վաղը Ազգային Ժողովի հերթական քառօրյայի օրակարգում նաև իշխանական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու։
Մարտի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր երկու ծավալուն միջնորդություն ուղարկել խորհրդարան՝ ակնկալելով պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն:
Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի: Աղազարյանը պնդում է, թե ինքն անօրինական ոչինչ չի արել, պարզապես իրեն մանդատից զրկելու հարցը դեռ Նիկոլ Փաշինյանի օրակարգում է:
Ամիսներ առաջ, երբ Աղազարյանը մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, նրան թիմակիցները հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից: Մեղադրեցին կուսակցական փակ նիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վնասելու համար: Քրեական գործ էլ հարուցվեց՝ ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով, բայց մինչ օրս այս գործով տեղաշարժ չկա:
Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործն էլ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին:
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ՝ պարզելու, թե ինչպես են քվեարկելու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարայանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի պահանջին:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․