2014 թ. մարտի 22-ին Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին դիմումներ էին ուղարկվել, որոնցում նշվում է. «… Հուսով ենք, որ գիտակցելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աներկբա պաշտպանության կարևորությունը, Դուք կիսում եք մեր դիրքորոշումը և հետամուտ կլինեք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վահե Մկրտչյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Հայկ Հարությունյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի, Անուշավան Գրիգորյանի, Տիգրան Պետրոսյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի քննությունը կատարվի պատշաճ կերպով և նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումը շուտափույթ կերպով դադարեցվի»:
Արձագանքելով դիմումին՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրում է, որ նկատի ունենալով, որ դիմումը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կայացրել է որոշում, քաղաքացիների և ՀԿ-ների բողոքն ընդունել քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնարարել Լ. Վարդապետյանին:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի պատասխանն ամբողջությամբ կրկնում է նրան ուղարկված դիմումի խնդրանքը: Հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, գրում է. «Տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը հետևողական է լինելու, որպեսզի այս անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով կատարվի պատշաճ քննություն»: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազը կամ դիմումին պատասխանելու ցանկություն չունի կամ որևէ ասելիք չունի այս մասին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ