ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեց 64, դեմ՝ 7 պատգամավոր։

Նախագծի փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է.

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությանը չէր մասնակցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագծի քվեարկությանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ էր քվեարկել նախագծին։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը նույնպես «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց, իսկ «Պատիվ ունեմ»-ը դեմ քվեարկեց։

Եվրամիությանը անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Սահմանված ժամկետում նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։

2025 թվականի հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո այն ուղարկվել էր խորհրդարանի քննարկման։ Փետրվարի 12-ի նիստում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծը։




Լրահոս