«Դուք նույնպես հանցակից եք «Գոյ» թատրոնի ոչնչացման ընթացքին»․ Արզումանյանը բաց նամակ է հղել ԿԳՄՍ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնի շուրջ բռնկված կրքերը թվում էր, թե մարել են, սակայն ամեն բան դեռևս շարունակվում է։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը բաց նամակ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Նամակում մասնավորապես նշված է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի կողմից արված հերթական քայլի մասին։

Արզումանյանը գրել է․ «Հարգելի՛ տիկին Անդրեասյան, ես դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության ղեկավարի, քանի որ Ձեր ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ղեկավար Վարդան Մկրտչյանի գործողություններն անցել են ոչ միայն բարոյականության, այլև օրենքի սահմանները։ Վերջին և հատկապես վտանգավոր քայլն իրականացվեց օրեր առաջ․ Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը ապամոնտաժել է «ԳՈՅ» թատրոնի հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։

Այդ գործողությունը ակնհայտորեն արվել է՝ Թատրոնը որպես մշակութային կենտրոն վերացնելու նպատակով, «ԳՈՅ» թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրությամբ, մեր պայքարը բարոյապես ու ֆիզիկապես ճնշելու հաշվարկով։ Մամուլում արդեն շրջանառվում է Վարդան Մկրտչյանի արձագանքը, որտեղ նա հերքում է իր մասնակցությունը նստատեղերի հեռացման հարցում և հայտարարում, որ «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի։

Եթե նա կապ չունի, ապա ո՞վ է տվել այդ հրահանգը։

Եթե «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի, ապա ինչո՞ւ են այդքան հետևողականորեն ջնջում նրա պատմության հետքերը։

Սա արդեն ոչ միայն Սունդուկյան թատրոնի, այլև Ձեր նախարարության պատասխանատվության շրջանակում է, քանի որ ՊՈԱԿ-ը գործում է ԿԳՄՍ նախարարության վերահսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին լրացավ 1 տարին, ինչ «Գոյ» թատրոնը փակվել է։

Նշենք, որ «ԳՈՅ» թատրոնի գործը դեռ գտնվում է դատարանում, և այն իրավականորեն վերջնական լուծում չի ստացել։

Սարգիս Արզումանյանը նաև պահանջներ է ներկայացրել․

«1․ Պահանջում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը անհապաղ արձագանքի և խստագույնս կարգի հրավիրի Վարդան Մկրտչյանին, որպեսզի նա դադարեցնի թատրոնի վերացմանն ուղղված քայլերը։

2․ Պահանջում եմ, որ նախարարությունը հստակ պատասխանի՝ տեղյակ է արդյոք Վարդան Մկրտչյանի կատարած քայլերից, և եթե այո, ապա ինչու՞ չի միջամտել։

3․ Եթե ԿԳՄՍ նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, ապա սա նշանակում է, որ Դուք նույնպես հանցակից եք «ԳՈՅ» թատրոնի ոչնչացման գործընթացին»։

Հիշեցնենք նաև, որ թատրոնի փակվելու կապակցությամբ տեղի են ունեցել տարաբնույթ բողոքի ակցիաներ, նստացույցեր։

Աննա Սրապիոնյան




Լրահոս