
Հետաքրքիր է չէ՞, երբ առօրյա խոսակցություններում օգտագործում ենք բառեր, սակայն չգիտենք այդ բառի ծագումնաբանությունը։ Կան բառեր, որոնք պատկանում են որևէ բարբառի։
Լեզուն բնականաբար գեղեցիկ դարձնում են բարբառները, որոնց պակասը հայերենում չկա։
Կարելի է ասել, որ լեզվի զարդարանքները բարբառներն են։ Բարբառները ոչ միայն կրում են տարածաշրջանային ինքնություն, այլև ունեն մշակութային ու պատմական շերտեր։ Բարբառները լեզվի տարածքային տարբերակ են, համաժողովրդական լեզվի ճյուղավորում են։
ArmLur.am-ն այսօր ներկայացնում է հայկական բարբառների մասին։
Այսպիսով, ինչքան էլ զարմանալի թվա, հայերենն ունի շուրջ 50 բարբառ, որոնք տարբեր են, բայց յուրովի գեղեցիկ։ Բարբառները շատ ժամանակ կոչվում են տեղանքների անուններով անվանանշելով տվյալ տարածքը։
Հետաքրքիրն այն փաստն է, որ շատ ժամանակ հայկական տարբեր բարբառներ իրարից այնքան են տարբեր լինում և բարդ, որ իսպաներենը կամ իտալերենը սերտելը խաղուպար է թվում։ Նշենք, որ շատ ժամանակ հայերեն բարբառները ավելի շատ են տարբերվում, քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն:
Այսօր բարբառները կարող էին լինել 50-ից ավելի, սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության և տեղահանման պատճառով շատ ու շատ բարբառներ կորստյան են մատնվել։
Շատ բարբառներ այժմ էլ օգտագործվում են, որոշ բարբառների խոսողական տարածքը, ցավոք սրտի, նկատելիորեն նեղացել է, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ այժմ վերացված են։
Տարբեր լեզվաբաններ հայերենի բարբառները դասակարգում են տարբեր հատկանիշներով։ Քրիստոփոր Պատկանյանը, կատարելով աշխարհագրական դասակարգում, տարբերակում է արևելյան ու արևմտյան բարբառներ։ Ըստ Հրաչյա Աճառյանի ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ, կը ճյուղ, ել ճյուղ։
Արարատ Ղարիբյանը կատարել է հայերենի բարբառների հնչյունաբանական, Գևորգ Ջահուկյանը՝ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգում։
ArmLur.am-ը ներկայացնում է հայտնի բարբառներով որոշ արտահայտություններ, որոնք հաստատ կգրավեն ձեր ուշադրությունը։
Սկսենք Ղարաղանից, բայց սկզբում նշենք, որ Ղարաղանը Պարսկաստանի հայկական գավառներից էր, որտեղ այժմ հայեր չեն ապրում։
Եթե գրական հայերենում ասում ենք պառկել, ապա Ղարաղանի բարբառով պառկելը կլինի թոլ էլնել։ Ծուլանալուն Ղարաղանի բարբառով ասում են ալարել, ինչը հիմա էլ շատ ժամանակ օգտագործում ենք առօրյա խոսակցություններում։ Առօրյա խոսակցություններում օգտագործվող ևս մեկ բառ կա, որը Ղարաղանի բարբառով է․ կատակելուն Ղարաղանի բարբառով ասում են հանաք անել։
Փերիայի բարբառ․
Փերիան գավառ է եղել Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում, որտեղ ապրել են Շահ-Աբասի օրոք Նախիջևանի Ջուղայից գաղթած հայեր, ինչպես նաև պարսիկներ, վրացիներ, լոռեր և թուրքեր։
Տակացուն կաշվից, երեսը թելով միացված և ձեռքով կարված կոշիկը, որն օգտագործվում էր դաշտերում, Փերիայի բարբառով անվանել են տրեխ կամ չարուխ։
Փայտից պատրաստված սարքը, որը վարի ժամանակ եզների վզին էին դնում, անվանել են լուծ։
Արցախյան բարբառն ամենահետաքրքիրներից ու գրավիչներից է։ Ստորև ներկայացնում ենք բառեր արցախյան բարբառով․
Հինչ կա՞ չկա – Ի՞նչ կա չկա, Հունց ը՞ս – ինչպե՞ս ես, Շտեղանս կյամ – որտեղից ես գալիս, Շտեղս քի՞նում կամ քինամ – ուր ես գնում, Գյու՛դըմ չըմ – չգիտեմ, Աքա կամ հաքու – հորաքույր, Բիբի – մորաքույր, Ամի – հորեղբայր, Դայի – քեռի, Տաքիր – ամուսնու եղբայր, Քենի – տիկնոջ քույր, Հաներ – աներ, Զեմքուչ – զոքանչ, Կիսուր – սկեսուր, Պատրոն – կեսրայր, Բաջանաղ – տիկնոջ քրոջ ամուսին։
Մշո քաղցր ու անուշ բարբառը նույնպես անտարբեր չի թողնում, որից շատ բառեր նույնպես առօրյայում կիրառում ենք։
Սվթա– սկզբից, մթամ– իբր, անգաջ– ականջ, իսան– մարդ, խորոտ– գեղեցիկ, բուղ– գոլորշի, թմբրէլ– հոգնել, օղբաթ– ծիծաղելի, խա– հա, խաց– հաց, մկա– հիմա, դօր– ուր, իմալ– ինչպես։
Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Հետաքրքիրն այն է, թե ինչպես կհնչեին տարբեր բանաստեղծություններ, իրապատումներ և պատմություններ բարբառներով։
Օրինակ՝ Հովհհանես Թումանյանի հանրահայտ «Գիքոր» պատմվածքի սկիզբը։
Բնօրինակ․
«Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։
— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։
Բայց Համբոն չլսեց»:
Մշո բարբառով․
«Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:
Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:
– Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:
Բըլէ Համբօն լըլսէց»:
Գյումրու Կարնո բարբառով․
«Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:
Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:
– Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:
Հըմը Համբօն չըլսէց»։
Զեյթունի բարբառով․
«Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի:
Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա: Գընըգն ա օյզօր չօ գունէյ:
– Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը:
Ամմա Համփօյը չի լըսից»։
Մեղրու բարբառով․
«Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ:
Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի: Կընէկը հօժար չէ լու:
– Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը:
Համա Համբօ լիսուլ չի»։
Արցախի բարբառով․
«Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ:
Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի: Ամա կընէկը ռազի չար:
– Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը:
Ամա Համբօն անգուճ չըկալավ»։
Յուրահատուկ են բարբառները իրենց ցանկացած դետալով և հարկ է հիշել, որ բոլորովին էլ ամոթ չէ բարբառով խոսելը, քանի որ այն խոսքը համեմում է հետաքրքիր երանգներով, ոճով։
Անգամ ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանն ասել է, որ «Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու»։
Աննա Սրապիոնյան