
Օդաչուն և նրա երկու փոքր դուստրերը ողջ են մնացել սառած լճի մեջտեղում՝ ինքնաթիռի թևի վրա 12 ժամ անցկացնելուց հետո, և հրաշքով փրկվել են որոնողական աշխատանքների արդյունքում։ Օդանավը կործանվել էր և մասամբ սուզվել Ալյասկայի սառցե լճում։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Օդաչու Թերի Գոդեսը հայտնել է, որ մարտի 23-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառում է նկատել, որում կոչ էր արվում մարդկանց օգնել փնտրել անհետացած օդանավը, որը աղետի ազդանշան չուներ: Գրառման հեղինակը օդաչուի հայրն էր՝ Ջոն Մորիսը, որը խնդրում էր մարդկանց օգնել որոնել իր որդուն և թոռներին՝ ասելով, որ նրանք չեն վերադարձել նախորդ օրվա թռիչքից:
Մարտի 24-ի առավոտյան մոտ մեկ տասնյակ օդաչուներ, ներառյալ Գոդեսը, դուրս են եկել՝ իրականացնելու որոնողական աշխատանքներ:
Աղետի ազդանշանի բացակայությունը բարդացրել է ինքնաթիռի որոնումները, սակայն փրկարարները բջջային հեռախոսի ազդանշան են նկատել, որը եկել է Կենայ թերակղզու Տուստումենա լճի տարածքից։
Գոդեսը շարժվել է դեպի Տուստումենա լճի սառցադաշտի ուղղությամբ և նկատել է օդանավի բեկորները:
«Մի տեսակ սիրտս կոտրվեց, երբ տեսա բեկորները, բայց երբ ավելի մոտեցա, նկատեցի, որ թևի վրա երեք մարդ կա», – The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է նա։
Գոդեսը շարունակել է մոտենալ և ականատես է եղել հրաշքի։
«Նրանք կենդանի էին, արձագանքում էին և շարժվում», – ասել է Գոդեսը՝ հավելելով, որ նրանք ձեռքով էին անում իրեն:
Անհետացած Piper PA-12 Super Cruiser-ը, որի օդաչուն մի տղամարդ էր, ընտանիքի երկու անչափահաս անդամների հետ զբոսաշրջության էր դուրս եկել Սոլդոտնայից դեպի Կենայ թերակղզու Սկիլակ լիճ:
Ընտանիքի երեք անդամները փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց, սակայն վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։