
Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Աբդել Լաթիֆ ալ Կանուան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման կողմից վերահսկվող «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Աբդել Լաթիֆ ալ Կանուան գտնվում էր Ջեբալիա քաղաքի վրաններից մեկում, երբ այն խոցվել է իսրայելական ինքնաթիռի կողմից: Պաղեստինյան Quds News Network գործակալությունը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի խոսնակի մարմնի լուսանկարը։
Գազայի հատվածի հյուսիսում մարտի 26-ին Իսրայելի հարձակման ժամանակ առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։ Հրատարակությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցներ տեղափոխված տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։
The Jerusalem Post-ը գրում է, որ Աբդել Լատիֆ ալ Կանուան ՀԱՄԱՍ-ի ամենահայտնի ներկայացուցիչներից էր։ 2023 թվականի հոկտեմբերից սկսած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում նա խուսափում էր հայտնվել ԶԼՄ-ներում, նշում է հրատարակությունը, սակայն 2025 թվականի հունվարին հրադադարի հաստատումից հետո, նա մի քանի հարցազրույց է տվել արաբական լրատվական հեռուստաալիքներին։