
Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է։
Տոնը նշվում է ամեն տարի ավանդաբար՝ ի պատիվ թատրոնի աշխատաիկցների։ Հետաքրքիրն այն է, որ տոնն ամեն տարի հիմնականում նշվում է նույն խորագրով, այն է՝ «Թոտրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»։
«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն) հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին…»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից», որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ։
Ե՞րբ է սկսվել նշվել տոնը։
«Թատրոնի համաշխարհային տոն» օրը սկսվել է նշվել 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ։
Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իրկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ մշակութային տարբեր հաստատություններում։ Շատ թատրոններ էլ փորձում են հանդիսատեսին գոհացնելու համար նոր ներկայացումների պրեմիերաներ կազմակերպել։
Տոնը նաև նշվում է Հայաստանում՝ նեղ մասնագիտական շրջանակներում։ Հայաստանում սովորաբար այս օրը տեղի է ունենում «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ էլ գնահատականներ են տրվում թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումներին։
Նշենք, որ այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Կապան քաղաքում, որին նախորդել է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Հավելենք, որ միջոցառումները նվիրված են եղել Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
Տոնի կապակցությամբ շատ հայ հայտնիներ էլ իրենց ինստագրամյան միկրոբլոգի սթորիների բաժնում կիսվել են կադրերով, որտեղ թատրոնում են։
Աննա Սրապիոնյան