
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ ավարտվել է ՔՊ խմբակցության փակ նիստը, որտեղ որոշում են կայացրել, թե ինչպես պետք է քվեարկեն 2 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը։
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ դատախազի բերված փաստերը թույլ էին, հատկապես Տարոն Մարգարյանի գործի հետ կապված։
Ըստ Վարդանյանի՝ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասով փաստերն ավելի համոզիչ էին, բայց իր համար մտահոգիչ է այն, որ այս գործերի հետագա ճակատագիրը անհասկանալի կլինի։
ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության նիստում որոշում է կյացվել, այնուամենայնիվ, կողմ քվեարկել դատախազի միջնորդությանը։ Իսկ թե կլինեն ՔՊ-ական պատգամավորներ, ովքեր չեն ենթարկվի խմբակցության որոշմանը, դեռևս անհայտ է։ Բայց փաստ է մի բան, որ խմբակցության նիստը շատ թեժ ու երկար է տևել, իսկ որոշ պատգամավորներ շատ անհանգստ վիճակում են եղել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան լրագրողներին ասել է, որ ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին:
«Խմբակցությունը քննարկեց և որոշում կայացրեց համաձայնություն տալ գլխավոր դատախազի միջնորդությանը և, ըստ էության, չխոչընդոտել արդարադատության իրականացմանը»,- ասաց նա:
Սոնա Գրիգորյան