Հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- հարցը ներկայացնելիս ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ, գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ, կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։ Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թ. կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա, կերային մշակաբույսերի 2250 հա, հատիկաընդեղենի 500 հա փոխհատուցումը։ 2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։ Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք, որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով: Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում: Եվ սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղացիների հետ ունեցած իր շփումների արդյունքում հասկացել է, որ այն օգտակար է միջին և խոշոր գյուղատնտեսներին աջակցելու համար։

«Անկեղծ ասեմ՝ սա լավ ծրագիր չեմ համարում։ Ես գյուղացիների հետ գնացել, խոսել եմ և կարող եմ ասել, որ այս ծրագիրն իմ տեսած գյուղացիների հետ ոչ մի կապ չունի։ Մեր այս ծրագրերը պետք է իմաստ ունենան այն ժամանակ, երբ մենք 1, 2, 3 տարի աջակցենք և 4-րդ տարում այդ մարդն ասի՝ շնորհակալ եմ, ձեր աջակցության կարիքն այլևս չունեմ»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ սա զարգացման ծրագիր չէ, իսկ զարգացման ծրագրերն էլ չեն աշխատում կամ աշխատում են հատվածական, ինչը լրջագույն խնդիր է։

Դրա պատճառներից մեկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև այն է, որ գյուղատնտեսությանը վերաբերող շատ որոշումներ, վերլուծություններ աշխատասենյակներում են կայացվում.

«Պետք է ծրագիրը վերցնենք գնանք գյուղ, մոդելավորենք և տեսնենք, թե գյուղի բնակչի հետ ի՞նչ առնչություն ունի այս ծրագիրը, այդ ընտանիքը հնարավորություն ունի՞ դրանից օգտվելու: Դրանից հետո կտեսնենք, որ այդ ընտանիքների 75-80 տոկոսը ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունի այդ ծրագրերից օգտվելու»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ գյուղատնտեսությունը բիզնես մոդե՞լ է, թե՞ սոցիալական խնդիր, պետք է իրարից տարանջատել.

«Այստեղ ամենամեծ պրոբլեմն կայանում է նրանում, որ այդ գյուղացին ունի 1 հա հող, որը ոչ մի բան չի անում, շրջանառությունից հանել է: Այդ մարդիկ ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ այսօրվա իրականության մեջ չեն այլևս կարող զբաղվել: Մենք պետք է այդ հողերի կոնսոլիդացիայի խնդրով ավելի ինտեսիվ զբաղվենք: Իմ կարծիքով՝ այդ ուղղությամբ պետք է գնանք, որովհետև 1 հա գյուղատնտեսական բիզնես չի լինելու»:




Լրահոս