Armenian text to speach

 «ՍՏՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ». ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի հետ։

-Պարո՛ն Ստեփանյան, ավագանին առաջարկեց, որ այն քաղաքացիները, որոնք տրանսպորտում չեն վճարի եւ կբոյկոտեն, ապա կտուգանվեն 15-18,000 դրամի չափով։ Այս մասին Դուք ի՞նչ կարծիք ունեք։ Արդյո՞ք ճիշտ որոշում է։ Ըստ Ձեզ հնարավո՞ր է իրագործել այս ամենը։

 

-Ավագանու անդամները չեն առաջարկել, դա 9 տոկոսանոց, ավագանու ոչ լեգիտիմ՝ ՔՊ անդամների եւ իրենց կցորդ «Հանրապետություն» կուսակցության անդամների ներքին որոշումն է, որ ուզում են օրենսդրական փոփոխություն անել, դիմել Ազգային ժողով՝ քաղաքացիների գլխին նոր մահակ կիրառելու, տուգանելու, թալանելու համար, որպեսզի ստիպեն քաղաքացիներին վճարել մի բանի համար ավելի թանկ, որի դիմաց չեն ստանում համարժեք ոչինչ։ Իրենք խաբում ու ստում են, դա իրենց հիմնական սկզբունքն է. առաջնորդվում են ստով ու կեղծիքով: Իբր բարեփոխված տրանսպորտ է, սմարթ կանգառներ են: Երեւան քաղաքում չեք գտնի գեթ մեկ սմարթ կանգառ։ Իրենք իրենց մեջ որոշել են, որ բոյկոտն արդեն հասնում է մեծ մասշտաբների, մարդիկ անտեսում են իրենց հորդորներն ու խնդրանքները։ Հիմա տեսան, որ չեն կարողանում վերահսկել վճարումները, սկսել են ներքին կարգով օրենսդրություն մշակել, տանել ԱԺ, որ այնտեղի իրենց «ուսապարկերն» ընդունեն այս օրենքը, եւ իրենք սկսեն մահակ կիրառել քաղաքացիների գլխին, բայց հաշվի չեն առնում, որ 800 շարժակազմ գոյություն ունի Երեւանում, եւ պետք է ընդունեն 800 հսկիչ աշխատակից, ոստիկանության աշխատակիցներ, այսինքն՝ անձանց, որոնք կկարողանան քաղաքացիներին ստիպել, որ վճարում անեն։

Փաստորեն, մարդկանց վճարած հարկերով, տուրքերով աշխատանքի են ընդունում հսկիչների, որպեսզի տուգանեն քաղաքացիներին… Չի՛ ստացվելու, անիմաստ է, իրենք ինչ անեն՝ հակառակ արդյունք է լինելու։

-Ի՞նչ եք կարծում, Ազգային ժողովը կընդունի՞ այդ նախագիծը։

-Իսկ Դուք կարծում եք, թե Ազգային ժողովում նստած են այնպիսի մարդիկ, որոնք մտածո՞ւմ են Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին։ Իհարկե՝ ոչ։ Ինչպես իրենց հրամանը գնա, այդպես էլ անելու են։ Իրենք այնտեղ «կոճակ սեղմող» են։

-Ո՞րն է դրդապատճառը: Արդյոք, ինչպես Դուք եք նշում, գումարը  մի գրպանից մյուսը դնե՞լն է։

-Բոյկոտը մեծ մասշտաբների հասավ, եւ մարդիկ սկսեցին քաղաքապետարանի աշխատակիցների մտցնել ավտոբուսներ  ու քաղաքացիների հետ վեճերի մեջ ներգրավել։ Սակայն դա էլ օգուտ չտվեց։

-Ըստ Ձեզ, ինչու՞ էին ստիպում քաղաքապետարանի աշխատակիցներին, որ  վեճի բռնվեն քաղաքացիների հետ։

-Իրենք իրենց նման ֆեյք տեսաուղերձներ, նյութեր էին ուզում ստանալ։ Մենք բոլորին հանրայնացրինք, բոլորը տեսան, որ այդ մարդիկ թաղապետարանների եւ քաղաքապետարանի աշխատակիցներ են, եւ այլեւս ոչ մեկը չենթարկվեց Ավինյանին։ Ասացին՝ մենք դուրս չենք գալու եւ խայտառակ չենք լինելու ժողովրդի առջեւ։ Հիմա չկան նման մարդիկ, ոչ ոք չի ենթարկվում նման պահանջի։ Նույնը փորձեցին վարորդների մասով անել։ Այնպես ստացվեց, որ վարորդները քաղաքացիների հետ վեճ էին սկսում, մի քանի վարորդներ տրվեցին այդ սադրանքներին, սակայն դա էլ իրենց օգուտ չտվեց։  Հիմա եկել է արդեն տուգանելու եւ «տուգանքի մատերիալ» դարձնելու օրենքի նախագիծը։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

 

 

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով է գնալու եւ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Ըստ այդ զեկույցի՝ 2024 թվականի միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760 555 մարդ: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 203 878 մարդով կամ 36,6 %-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37 882-ով կամ 5,2 %-ով:

2024 թվականի արդյունքներով՝ տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 172 ՀՀ դրամ` 2018 թվականի համեմատ աճելով 114 445 ՀՀ դրամով կամ 66,3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով: 2024 թվականի արդյունքներով՝ տարեվերջի գնաճը կազմել է 1,5%, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25,3%։

Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%: Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: 2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճը իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին:

Հետաքրքիր փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի զեկույցը, ներկայացվելիք համառոտ թվային տվյալներից հետո ներառում է  Հայաստանի Հանրապետության եւ հարեւան երկրների հետ արտաքին հարաբերությունների համառոտ նկարագիր։

 

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս