Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետեւ հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետեւանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է: Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով՝ նաեւ լարվածություն հրահրում առաջնագծում: Ադրբեջանը, սահմանագծին լարվածություն հաղորդելով, հետեւյալ խնդիրներն է լուծում: Այս մասին ասել է Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսեւորումներ: Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա: Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականացված ագրեսիաների եւ օկուպացման քաղաքականության հետեւանքները չմարսած՝ Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վրա: Իրավիճակն առավել անկանխատեսելի եւ անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել:
Երկրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը եւ հանրության որեւէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին: Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ եւ վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել եւ լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել: Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն: Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության եւ իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է ե՛ւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ե՛ւ տարածքային ամբողջությունը, ե՛ւ ոտքի կանգնելու հնարավորությունը:
Սա՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը եւ նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առ ոչինչ է դառնում»,- նշել է նա:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ուկրաինայի Սումի քաղաքի հրթիռակոծության հետեւանքով վիրավորների թիվը հասել է 99-ի, որոնց թվում կա 23 երեխա։ Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 99 մարդ՝ 76 մեծահասակ եւ 23 երեխա», – հայտնել են Սումիի քաղաքապետարանից։ Հարվածի հետեւանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ռուսական կողմը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսաստանցի զինվորականները լույս մարտի 25-ի գիշերն Ուկրաինայի վրա են արձակել 139 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից 78-ը խոցվել են, իսկ 34-ը չեն հասել իրենց թիրախներին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակումից տուժել են Կիեւի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Չերկասիի եւ Օդեսայի շրջանները:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երեկ կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի. շփումները տեխնիկական բնույթի են եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Տեսեք, վերջիվերջո մենք խոսում ենք տեխնիկական բանակցությունների մասին, դրանք մանրամասների շուրջ բանակցություններ են, այնպես որ, իհարկե, տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի, դա պետք չէ սպասել։ Սա մեկ, եւ երկրորդը, եւս մեկ անգամ կրկնում եմ, այժմ վերլուծվում են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ներկայացված զեկույցները, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել որոշ ըմբռնումների մասին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Էր Ռիադում բանակցություններից հետո նախատեսվում են պաշտոնյաների հայտարարություններ կամ ելույթներ։ Երեկ կայացած ռուս-ամերիկյան երկխոսությունը դարձել է ամենաերկարը ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր՝ հանդիպումը տեւել է 12 ժամ։
ՎԱԽԵՑԵԼ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ սրացում է ունեցել հիվանդանոցում գտնվելու ժամանակ, եւ ինչ-որ պահի բժիշկները վախեցել են նրա կյանքի համար: «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում այս մասին պատմել է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սերջո Ալֆիերին, որը Հռոմի պապին բուժող բժիշկներից մեկն է: Ըստ նրա՝ ամենածանր պահը եղել է փետրվարի 28-ին՝ հիվանդանոց ընդունվելուց երկու շաբաթ անց, երբ բրոնխիալ սպազմ է սկսվել՝ փսխման նոպայով եւ ասպիրացիայով, ինչը շնչառական համակարգի կտրուկ վատթարացում է առաջացրել: Բժիշկները ստիպված են եղել դիմել բրոնխների մաքրման եւ թոքերի ոչ ինվազիվ օդափոխության։ «Մենք բոլորս հասկանում էինք, որ իրավիճակը լրջորեն վատացել է, եւ վտանգ կա, որ մենք չենք հաղթահարի… Այդ գիշերը սարսափելի էր։ Նա, ինչպես եւ մենք, գիտակցում էր, որ կարող է ողջ չմնալ», – ասել է Ալֆիերին: Նրա խոսքով՝ Հռոմի պապը գիտակից է եղել ամբողջ ճգնաժամի ընթացքում եւ մասնակցել է որոշումների կայացմանը։
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալները:























