«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի անդրանիկ առաջնությունը: Այն կազմակերպվել և իրականացվել է «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ:
Յուրաքանչյուր վարչական շրջանից առաջնությանը մասնակցել է մեկական թիմ, որոնք հաղթող էին ճանաչվել վարչական շրջաններում նախապես կազմակերպված մրցման արդյունքում:
7 վարժությունների ընդհանուր արդյունքներով առաջին տեղ է զբաղեցրել ԱԻՆ ՃԿՊԱ քոլեջի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսել են համապատասխանաբար թիվ 150 դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հավաքական թիմն ու 190 դպրոցի սաները:
Պատվոգրերն ու հավաստագրերը թիմերի ղեկավարներին են հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:
Հաղթող թիմերից ձևավորված Երևանի հավաքական թիմը ապրիլի 17-ին կմասնակցի մրցույթի հանրապետական առաջնությանը, որի արդյունքներով ձևավորված ՀՀ հավաքական թիմը Բելառուսում կմասնակցի պատանի հրշեջ-փրկարարների առաջնությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ Գայանե Սողոմոնյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու թիմերին հաջող մրցելույթներ և հաղթանակ է մաղթել առաջնության հանրապետական փուլում: