Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի եւ ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։
2025 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի եւ Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին:
Ի դեպ, 5 տարի է, ինչ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործ կա, որը դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
Բանն այն է, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:
ArmLur.am-ը զրուցել է Մովսես Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում եւ ինչ 4 միլիարդ գումար են պահանջում իրենից։ Մեզ հետ զրույցում Մովսես Հակոբյանը հայտնել է. «Ուզում են՝ լավ են անում, բայց որտեղի՞ց պետք է տամ։ Մեղադրանք են առաջադրում, որի համար ես պատասխանատու չեմ»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով Ավանի դատարան են հրավիրվել ԳՇ նախկին պետեր Օնիկ Գասպարյանը եւ Արտակ Դավթյանը։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարանը հարցաքննել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին եւ հարցաքննությունը կիսատ է մնացել, ուստի նրան եւ Դավթյանին դատարանը կրկին պետք է հարցաքննի։ Հիշեցնենք, որ 2021 թվականին ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որին էլ հրահանգել են նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այդպես է պետք: Դատելով իրավիճակից՝ իշխանությունները վախենում են, որ Մովսես Հակոբյանը պատերազմի մասով դատարանում այնպիսի փաստեր կներկայացնի, որոնց հանրայնացումը անհարմար դրություն կստեղծի, ուստի իրավիճակը լուծելու լավագույն տարբերակը դատական տեղեկատվական համակարգը փակելն է ու քրեական գործով նիստը դռնփակ անցկացելը, թեեւ, հիշեցնենք, Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ ամեն ինչի մասին հրապարակավ էր խոսել: 3 տարի է՝ գործով նիստերը դատարանում շարունակվում են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 19։05-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առեւտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ.-ի անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ.-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
ԽՈՐԴԱՆՈՑԸ ԱՅՐՎԵԼ Է
Երեկ հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կրակ եւ ծուխ է նկատվում: Դեպքի վայր են ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադեւոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Ավետիս Խաչատրյանը: Դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է նշված հասցեում բնակչին պատկանող խորդանոցը:
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը:
ԿԱՇԱՌԵԼ Է ՓՈՐՁԵԼ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ
Մարտի 24-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրեւանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երեւան քաղաքի պարեկներին: Հայտնում են ՆԳՆ-ից: Պարեկները նրան ձերբակալել եւ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:























