Armenian text to speach

ԿՀԱՎԱՍԱՐՎԻ՞ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ընդդիմությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակը սահմանել պարենային զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս չափով։ Այս մասին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

 

Փոփոխությունները, ըստ նախագծի, պետք է ուժի մեջ մտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Միեւնույն ժամանակ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը պետք է լինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս մակարդակի վրա։ Առաջարկվել է որպես հիմք օգտագործել Վիճակագրական պետական կոմիտեի՝ ամսական կտրվածքով հրապարակված եւ միջին ընթացիկ գներով հաշվարկված տվյալները։

Առաջարկվում է նաեւ կառավարությանը պահպանել պարենային զամբյուղում ներառված պարենային ապրանքների կազմի, կառուցվածքի եւ էներգետիկ արժեքի որոշումը, ինչպես նաեւ աշխատանքային կենսաթոշակի միջին չափի հաշվարկման կարգը։

«Այս ծրագրի նպատակն է բարձրացնել կենսաթոշակառուների եւ ամբողջ երկրի տարեց բնակչության սոցիալական ապահովության մակարդակը: Ավելին, երկրի Սահմանադրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է»։ «Դա խոսում է նաեւ քաղաքացիների արժանապատիվ կյանքի իրավունքի մասին»,- ասել է Մինասյանը՝ փորձելով արդարացնել իր նախագիծը։

Նա, մասնավորապես, մեջբերել է Համաշխարհային բանկի հաշվարկները, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղի չափը 37 հազար դրամ է, իսկ սպառողականը՝ 68 հազար դրամ։ «Այսպիսով, միջին կենսաթոշակը Հայաստանում պետք է լինի առնվազն 68 հազար դրամ»,- նշել է պատգամավորը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը 22 տոկոսով ավելացրել է պետական կենսաթոշակների չափը։ «Այսօր սա գերազանցում է պարենային զամբյուղի նվազագույն չափը։ Այդ իսկ պատճառով ԱԺ մշտական  հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ներկայացված փաստաթղթի վերաբերյալ»,- նշել է Տիգրանյանը։ Նրա խոսքով, գործող օրենսդրության եւ կանոնակարգերի համաձայն՝ քաղաքացիների կենսաթոշակային ապահովումը պետք է համաչափ լինի երկրի պետական բյուջեի եկամտային մասին։

Հայաստանի կառավարությունը նույնպես համաձայն չէ ընդդիմության օրենսդրական նախաձեռնությանը: Իշխող կուսակցության պատգամավորները ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիզմի հերթական դրսեւորման համար։ Նրանց կարծիքով՝ ընդդիմության առաջարկները հեռու են իրագործելի լինելուց։

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը տեղեկատվական հարցում է արել՝ առաջադրելով հետեւյալ հարցը. «Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները մարտի 14-ի դրությամբ պետբյուջեից որքա՞ն պարգեւավճար են ստացել։ Մարտի 14-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի միջոցով պետբյուջեից որքա՞ն գումար է որպես ֆինանսական օգնություն տրվել մարզի սոցիալապես անապահովներին, որքա՞ն գումար է նախատեսված հատկացնել անապահովներին 2025 թվականի ընթացքում»։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի թվով 67 աշխատակից 2025 թվականի մարտի 14-ի դրությամբ ստացել են 20 558.2 հազար դրամ պարգեւավճար: 2025 թվականին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացվել է 67 547.0 հազար դրամ, որից մարտի 14-ի դրությամբ քաղաքացիներին հատկացվել եւ վճարվել է 10 765.0 հազար դրամ դրամական օգնություն»: Ի՞նչ է ստացվում. համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող մարզպետարանի պաշտոնյաները մարտի 14-ի դրությամբ պետբյուջեից գրեթե երկու անգամ ավելի մեծ գումար պարգեւավճար (հայտնի չէ,թե ինչ աշխատանքային արդյունքների համար) են ստացել, քան սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի մարզի սոցիալապես անապահովները՝ որպես պետության կողմից դրամական աջակցություն։

Կուշտը սովածին մանր է բրդում։ Տավուշի մարզի սոցիալապես անապահովներից բողոքներ ենք ստացել, որ Տավուշի մարզպետարանը մերժել է իրենց դրամական աջակցության խնդրանքները։

 

 

 

ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Տավուշի մարզի սահմանամերձ 6 բնակավայրերի (որոնք 1000-ից ավելի բնակչություն ունեն) վարչական ղեկավարներ օրենքի ուժով պաշտոնից ազատվել են, քանի որ բուհի դիպլոմ չունեն, իսկ Հայաստանի մայր բուհի ավարտական կուրսից վտարված Նիկոլ Փաշինյանը գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն է զբաղեցնում։ Տավուշի հանրակրթական դպրոցների թվով 55 ուսուցիչներ աշխատանքից ազատվել են, քանզի ունեն միջնակարգ մասնագիտական կրթություն, բուհի դիպլոմ չունեն: Հիմա Տավուշի  հանրակրթական շատ դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան, նույնիսկ հայտարարված մրցույթներով դրանք հնարավոր չի լինում լրացնել։ Աշխատանքից ազատված, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, մանկավարժական կրթությամբ ուսուցիչների մեծամասնությունը երկար տարիների մանկավարժական հաջող աշխատանքի փորձ ուներ։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՔՊ-ական պատգամավոր, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, ով բուհ չի ավարտել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորների մեջ կան բարձրագույն կրթություն չունեցողներ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս