ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ բժիշկներն ու մասնագետները զգուշացնում են վեյփ ծխելու հետեւանքով առաջացած նոր եւ վտանգավոր հիվանդության մասին՝ խոսքը EVALI-ի մասին է։ EVALI-ն թոքերի հյուսվածքի սուր ինհալացիոն վնասվածք է։ EVALI ունեցող 95% պացիենտների համար պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 1/3-ի համար պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն:
Մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրոնային նիկոտին պարունակող կամ նիկոտինազուրկ արտադրանքի օգտագործումը կարող է առաջացնել ոչ միայն EVALI, այլեւ սրտի, արյան անոթների, շնչառական համակարգի ախտահարում։
Հիվանդության ուսումնասիրությունը դանդաղել է կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր՝ առաջացած ախտանիշների նմանության պատճառով, եւ դրա հայտնաբերման մակարդակը դադարել է աճել, ինչը, սակայն, չի նվազեցնում դրա վտանգը վեյփ օգտագործողների համար:
Հիվանդությունը ստացել է «պոպկորնային» անունը, քանի որ պացիենտի թոքերից լսվում է պայթող պոպկորնի նմանվող ձայն։ Այն ուղեկցվում է շնչառական դժվարություններով, հազով, ցավով եւ թթվածնային քաղցով։
Ըստ Yale Medicine կայքում հրապարակված հոդվածի` դեռեւս 2019թ.-ի ամռանը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը (CDC) սկսել է հետաքննել վեյփերի օգտագործման հետ կապված հոսպիտալացումների կտրուկ աճը: Պացիենտները բողոքել են շնչառական բազմաթիվ ախտանշաններից, ներառյալ դժվարաշնչությունը, հազը եւ ցավը կրծքավանդակում: Նրանք բոլորն էլ մեկ ընդհանուր բան են ունեցել. նրանք վեյփեր են օգտագործել նախորդ երեք ամիսների ընթացքում: 2020 թվականի փետրվարին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցել է ավելի քան 2800 հոսպիտալացում EVALI-ի պատճառով, ինչպես նաեւ հիվանդության հետեւանքով արձանագրվել է 68 մահ:
Հետազոտողները հայտնաբերել են վիտամին E ացետատ քիմիական նյութը, որն ավելացվել է THC պարունակող որոշ վեյփային արտադրանքներին՝ որպես հիվանդության հիմնական, բայց, հնարավոր է, ոչ միակ պատճառը: Հիվանդության հավաստի դեպքերի բռնկումը տեղի է ունեցել երիտասարդների շրջանում շարունակվող վեյփային համաճարակի ֆոնին: Ըստ CDC-ի տվյալների` պացիենտների 15%-ը 18 տարեկանից ցածր է եղել: EVALI-ն կարող է առաջացնել հետեւյալ ախտանշանները.
Շնչառության դժվարություն
Հազ
Ցավ կրծքավանդակում
Ջերմություն եւ դող
Լուծ, սրտխառնոց, փսխում եւ որովայնի ցավ
Հաճախասրտություն
Արագ եւ մակերեսային շնչառություն
Որո՞նք են EVALI-ի առաջացման պատճառները:
Հետազոտողները EVALI-ի առաջացումը կապել են վիտամին E ացետատի՝ վիտամին E-ի սինթետիկ ձեւի հետ, որը հայտնաբերվել է THC պարունակող որոշ վեյփային արտադրանքներում: Ներշնչելիս այս քիմիական նյութը կարող է վնասել թոքերը: Մեկ ուսումնասիրության ընթացքում վիտամին E ացետատը հայտնաբերվել է թոքերի հեղուկում 51 պացիենտներից 48-ի մոտ, որոնցից նմուշներ էին վերցվել 16 նահանգներում: Ի հակադրություն, առողջ մարդկանցից վերցված թոքային հեղուկի՝ նմուշները վիտամին E ացետատ չեն պարունակել: Այս եւ այլ ուսումնասիրությունների պատճառով վիտամին E ացետատը համարվում է EVALI-ի առաջացման հիմնական պատճառը: Նիկոտին եւ THC պարունակող վեյփային արտադրանքներում հայտնաբերված այլ քիմիական նյութերը նույնպես կարող են դեր ունենալ այս վիճակի զարգացման գործում:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՎԱՃԱՌՔԸ ՆՎԱԶԵԼ Է
Եվրամիությունում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3,4%-ով։ Այս մասին ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հաղորդագրության մեջ։
ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 853,67 հազար՝ նախորդ տարվա փետրվարի 883,838 հազարի դիմաց։
Գերմանիայում վաճառքները նվազել են 6,4%-ով, Իտալիայում՝ 6,2%-ով, Ֆրանսիայում՝ 0,7%-ով, իսկ Իսպանիայում՝ 11%-ով։ Ընդհանուր առմամբ Եվրոպայում վաճառված նոր մեքենաների թիվը (ԵՄ երկրներ գումարած Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան) անցյալ ամիս նվազել է 3,1%-ով՝ հասնելով 963,540-ի։ Մեծ Բրիտանիայում վաճառքները նվազել են 1%-ով։ Եվրամիությունում էլեկտրամոբիլների վաճառքը փետրվարին աճել է 23,7%-ով՝ կազմելով 131275 հազար։ ԵՄ-ում Volkswagen Group-ի (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche եւ այլն) վաճառքները փետրվարին աճել են 4,9%-ով, Stellantis-ը նվազել է 16,4%-ով, Renault-ն աճել է 11,3%-ով։ Գերմանական շքեղ մեքենաներ արտադրող Bayerische Motoren Werke AG-ն հայտնել է ավտոմեքենաների վաճառքի 5,7% աճի մասին, մինչդեռ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ը գրանցել է 6,1% անկում: Ճապոնական Toyota Group-ի մեքենաների վաճառքը նվազել է 5,5%-ով, իսկ հարավկորեական Hyundai Group-ինը՝ 9,4%-ով։ Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc.-ն Եվրամիությունում վաճառել է 11743 հազար ավտոմեքենա, ինչը 47,1%-ով պակաս է նախորդ տարվա փետրվարի համեմատ։
Հունվար-փետրվարին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 3%-ով՝ հասնելով 1,686 մլն միավորի։ Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ընդհանուր վաճառքում կազմել է 15,2%, նախորդ տարվա 11,5%-ի դիմաց։
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Երեւանում մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում եւս մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։
ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ
Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը: Մեղրիի շտապօգնության բժիշկների խումբը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին: Պարզվել է նաեւ, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:
























