Armenian text to speach

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔԵՐ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան եւ դաշնակահար Էլթոն Ջոնը այն մարդկանցից է, որ մշտապես հակասական կարծիքներ է առաջացնում իր անձի վերաբերյալ, սակայն հարկ է նշել, որ մեծ ազդեցություն է թողել սոֆթ ռոքի զարգացման գործում։

 

Մարտի 25-ը երգչի ծննդյան օրն է, որի առթիվ ArmLur.am-ը ներկայացնում է երաժշտի կյանքից ուշագրավ դեպքեր։

Սկսենք նրանից, որ 1967 թվականից Ջոնը աշխատել է երգերի տեքստերի հեղինակ Բերնի Տոպինի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են ավելի քան 30 ալբոմ։ Մոտ կեսդարյա երաժշտական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձրել է ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը ողջ աշխարհում։ Ունի ավելի քան 40 հիթ սինգլներ բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում եւ Billboard Hot 100-ում, այդ թվում՝ յոթը Մեծ Բրիտանիայում եւ ինը՝ ԱՄՆ-ում, իսկ հաջորդական ալբոմներով գրավել է առաջին տեղը ԱՄՆ-ում։

Էլթոն Ջոնը հայտնի է նաեւ որպես հասարակական գործիչ, մասնավորապես՝ մեծ է նրա ներդրումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում։ 1992 թվականին նա հիմնադրել է «Էլթոն Ջոնի հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում», իսկ մեկ տարի անց սկսել կազմակերպել ՁԻԱՀ-ի ֆոնդի ամենամյա երեկույթները։ Ստեղծման օրվանից հիմնադրամը հավաքել է ավելի քան 300 միլիոն ֆունտ ստերլինգ։

1976 թվականին Էլթոն Ջոնը հայտարարել է իր երկսեռական լինելու մասին, իսկ 1988 թվականից նա բացահայտ գեյ է։ 2005 թվականի դեկտեմբերի 21-ից երգիչը քաղաքացիական ամուսնության մեջ է Դեւիդ Ֆերնիշի հետ. նրանք ամուսնացել են այն բանից հետո, երբ 2014 թվականից միասեռական ամուսնություններն Անգլիայում եւ Ուելսում դարձել են օրինական։ 2019 թվականին Էլթոն Ջոնին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «մեղեդու հանճար»՝ բարձր գնահատելով Ջոնի ջանքերը ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության գործում։

Դե արդեն իսկ պարզ է, թե ինչու է Էլթոն Ջոնը հակասական կարծիքներ ձեւավորել իր անձի շուրջ։ Շատերն անընդունելի են համարում միասեռականությունը եւ Էլթոնի դեպքում նաեւ անհամատեղելի են համարում վերջինիս արտակարգ ձայնային հատկություններն ու միասեռականությունը։ Նշենք, որ 2024 թվականին երգիչը անելանելի իրավիճակում է հայտնվել. Հանրահայտ երաժիշտը պարտիտուր է գրել «Սատանան կրում է «Prada»» մյուզիքլի համար, սակայն չի կարողացել տեսնել մյուզիքլը՝ տեսողությունը կորցնելու պատճառով։ Չնայած նրան, որ Էլթոն Ջոնը չի կարողացել տեսնել մյուզիքլը, նա վայելել է ներկայացման ձայնային մասը։

Էլթոնը ոչ միայն հայտնի է այն հանգամանքով, որ միասեռական է՝ այլեւ իր սկանդալային հայտարարություններով։

2019 թվականին երգիչը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ փոփ կուռք Մայքլ Ջեքսոնի մասին։ Ջոնը պատմել է, որ Ջեքսոնը «հրաշալի երեխա էր», բայց ինչ-որ պահի սկսեց կտրվել իրականությունից։ Նա Ջեքսոնին ճանաչել է 13-14 տարեկանից։ Էլթոն Ջոնը «հոգեկան հիվանդ» է անվանել Մայքլ Ջեքսոնին։ Ջոնը իր «Ես» ինքնակենսագրական գրքում պատմել է նաեւ մանկապղծության մեջ կասկածվող փոփ կուռքի մասին։

«Ասված գիտի` ինչ է կատարվել նրա գլխում եւ ինչ հաբեր է նա կուլ տվել։ Վերջին տարիներին յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մտածում էի, որ նա խելքը թռցրել է։ Նա իրականում հոգեկան հիվանդ էր», – գրել էր Էլթոն Ջոնը։

Մայքլ Ջեքսոնին բազմիցս մեղադրել են մանկապղծության համար։ Առաջին աղմկահարույց սկանդալը տեղի է ունեցել 1993թ.-ին, երբ նրան մեղադրեցին 13-ամյա Ջորդան Չանդլերի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Տղան երգչի երկրպագուն է եղել եւ հաճախ է հյուր գնացել նրա կալվածք` «Նեվերլենդ»։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել եւ Չանդլերների ընտանիքը 22 միլիոն դոլար է ստացել։ Քչերին է հայտնի, բայց Էլթոն Ջոնը եղել է նաեւ Հայաստանում։ 2018 թվականի մայիսի 26-ին Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ կանադացի կինոռեժիսոր Դեւիդ Ֆերնիշի հետ այցելել է Հայաստան։ Նրանց այցը բարեգործական նպատակ էր հետապնդում։ Մայիսի 28-ին Էլթոն Ջոնն իր ինստագրամյան միկրոբլոգի էջում գրառում էր արել «այն սիրո մասին, որ զգացել է Հայաստանում»։ «Ատելությամբ լցված մեկը չի կարող կասեցնել այն ամբողջ սերը, որ զգացել ենք Հայաստանում», – գրել էր լեգենդար երգիչը՝ տեղադրելով եռագույն սրտի պատկեր։

Էլթոնը մի շարք սաունդթրեքերի հեղինակ է, որոնցից են՝ Friends (1971), The Lion King (1994), Aida (1998), The Muse (1999), The Road To El Dorado (2000), Billy Elliot (2005), Lestat (2005), Gnomeo and Juliet (2011), Rocketman (2019) եւ այլն։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵՍ Է ՍՏԵՂԾՎԵԼ  ՍԱՐՅԱՆԻ «ԶԱՂԱԼՈՒ»-Ն

Հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի «Զաղալու» կտավը, որը պահպանվում է Հայաստանի պետական պատկերասրահում, շատ կողմերով առնչվում է հեղինակի կյանքի մի դրվագի, տպավորությունների, իսկ գլխավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի պատմության հետ։

 

Ծովակի մշակույթի տան աշխատակից Անդրանիկ Նիկողոսյանը մանրամասնեց, որ Սարյանի վերոնշյալ կտավը ստեղծվել է 1923 թվականին։ Կտավի մասին տեղեկություն ինքը ստացել է ռուսաստանաբնակ համագյուղացի Շահեն Մարտիրոսյանից, ով մշտապես կապի մեջ է եղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ։ Անդրանիկ Նիկողոսյանը կտավի հետքերով այցելելով Հայաստանի պետական պատկերասրահ՝ փորձել է պարզել դրա ստեղծման պատմությունը, ինչն էլ նրան ներկայացրել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզաննա Սարյանը։

«Ինձ շատ հետաքրքրեց, թե երբ է Մարտիրոս Սարյանը եղել մեր գյուղում: Ի դեպ, գյուղը նախորդ դարի 20-ական թվականներին (երբ ստեղծվել է այս կտավը), Ծովակի փոխարեն կրել է Զաղալու անունը։ Ռուզաննա Սարյանի պարզաբանմամբ՝ Մարտիրոս Սարյանն ունեցել է երեք եղբայր՝ Սերոբ, Սահակ, Հովհաննես անուններով։ Սերոբը ցարական բանտ է նստել իր գաղափարական հայացքների պատճառով։ Նա իր պատիժը կրել է Սեւանա լճի ավազանում՝ Սոթք գյուղի կալանավայրում։ Եղբորը տեսակցելու նպատակով էլ Մարտիրոսը եկել, անցել է մեր գյուղով, տպավորվել նրա հրաշք բնությամբ, գյուղական տեսարաններով ու հետագայում այն արտացոլել իր հայտնի կտավում: Այդ ժամանակ Սեւանա լճի մակարդակը շատ բարձր է եղել, այնքան, որ տները հիմնականում տարածված են եղել սարի լանջին շատ մոտիկ։ Կտավում պատկերված է մեր գյուղի հարուստ մարդկանցից մեկի՝ Ամրխանի կալվածքը, Սեւանա լճի ափը, մարդիկ, գոմեշները, լեռը եւ նրան հարող գեղատեսիլ ձորը, որը մեր գյուղացի Օրդուխանի անունով կոչվել է Օրդոյի ձոր։ Այսօր Ծովակ դարձած ու կտավում պատկերված հին Զաղալուն շատ է տարածվել, դարձել շատ ավելի շեն ու զարգացած բնակավայր, սակայն Սարյանի այս ստեղծագործությունը մեզ համար եղավ մի անկրկնելի հայտնություն, մի հզոր պատմական ու հոգեւոր արժեք, որն ավելի է բարձրացնում մեծանուն հայի՝ Մարտիրոս Սարյանի անունն ու գործը»,- ներկայացրել է նա։

 




Լրահոս