Գյումրի եւ Փարաքար համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդդեմ քաղաքական ուժերի ուղղված վեկտորները հաճախ շեղվում են ուղուց, երբ ուշադրության կենտրոնում են հայտնվում թիմակիցները կամ աջակիցները։
ArmLur.am-ի՝ Գյումրու աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ թե վարչական ռեսուրս է կիրառելու, այլ սեփական աջակիցների գործոնն է աշխատեցնելու։
ՔՊ աջակիցներից մեկը՝ ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետ Նազելի Էլբակյանը, որպես 32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալ պատրաստվում է աջակցել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ կազմակերպելու ընտրությունները։
ArmLur.am-ի հետ զրույցում Նազելի Էլբակյանը փորձեց հանգամանալից բացատրել, թե որն է իր գործառույթը։ «Ես թիվ 32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ, իսկ թիվ 32 հանձնաժողովը Գյումրու ընտրություններում որեւէ գործառույթ ՏԻՄ ընտրությունների շրջանակում չի իրականացնում։ Ես, կիրակի կայանալիք ընտրություններում, որեւէ գործառույթ չունեմ, ես միայն ու միայն իրականացնելու եմ անձնագրայինի պետի իմ գործառույթները», – նշել է Էլբակյանը։
Հարկ է նշել, որ անձնագրայինի պետի պաշտոնը քաղծառայություն է, որը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի հետ համատեղելի է։
Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրը», խուսափելով վարչական ռեսուրսի մասին խոսույթներից, նախկին աջակիցներին է փորձում ներգրավել ընտրական գործընթացներում, որպեսզի ընտրատարածքները համակարգվեն իշխանական մեկի կողմից։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի են ունենալու Գյումրու արտահերթ ընտրություններ, որի անցկացման համար գործելու է 82 ընտրատեղամաս: Այս տարի միայն մեկ տեղամասի հասցե է փոխվել: Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԾԵԾՈՒՋԱՐԴ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԱՆՏՈՒՄ
Երեկ՝ առավոտյան, հատուկ ջոկատայինները մտել են Արմավիրի բանտի 2-րդ մասնաշենք ու խցերում սկսել ծեծուջարդ։ Ըստ ArmLur.am-ին ահազանգած կալանավորների՝ 10 կալանավորի ծեծի են ենթարկել։ Ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց. «ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են խուզարկություններ՝ ազատազրկված անձանց մոտից թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ եւ այլ արգելված իրեր հայտնաբերելու, դրանց ապօրինի շրջանառությունը կանխելու համար։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր իրականացվել է հերթական խուզարկությունը, որի ընթացքում ազատազրկված անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն չի իրականացվել։ Ազատազրկված անձանցից միայն մեկի հանդեպ օրենքով սահմանված կարգով կիրառվել են հատուկ միջոցներ, քանի որ վերջինս չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին եւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ծառայողների նկատմամբ։ Նշված ազատազրկված անձը տեղափոխվել է պատժախուց»։
ԵԹԵ ԿՐԱԿՈՑ ԿԱ, ՎՏԱՆԳ ԿԱ
Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն եւ ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն այդ կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն տարածել է: Հարցին՝ եթե այդ կրակոցներով չեն թիրախավորում մեր դիրքերը, այդ դեպքում որ կողմ են կրակում ադրբեջանցիները, նա պատասխանեց. «Ես կողմը չեմ ֆիքսում, բայց դրանք չեն կրում կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն: Ես չեմ կարող ձեզ այդքան բացատրել, պետք է գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք՝ ինչի համար է արվում: Օրինակ, ես քաջատեղյակ եմ, որ երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում՝ ե՛ւ այս կողմից, ե՛ւ մյուս կողմից: Դեպքեր են լինում, երբ մենք եւ իրենք կրակում ենք օդ, դեռեւս 2000-ականներից սկսած: Դա հակառակորդին տեղյակ պահելու համար է, որ մենք մեր դիրքերում ենք եւ նույնը իրենք էին անում: Վերջին օրերի այս կրակոցները թիրախավորված չեն, վիրավորներ էլ չկան», – ասել է նա: Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում այդ կրակոցներից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե կրակոց կա, վտանգ, ամեն դեպքում, կա»:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը: Նշվում է նաեւ, որ ընդգծվել է Գազայում մշտական հրադադարի հաստատման կարեւորությունը եւ այդ հարցի անհրաժեշտությունը տարածաշրջանային խաղաղության համար։ Ինչպես նաեւ քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հասնելու ջանքերը։
ԿԳՆԱ ՂԱԶԱԽՍՏԱՆ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաեւ այլ բարձրաստիճան հանդիպումներ եւ քննարկումներ։
ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿՄԻԱՆԱ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՆ
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կմիանա նաեւ Ադրբեջանի էքսկլավին՝ Նախիջեւանին: Վրաստանյան bpn.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախագծի ղեկավար Օսման Բեշերեկն ասել է, որ արդեն իրագործման փուլում է գտնվում Թուրքիայի Կարսի, Իգդիրի եւ Ադրբեջանի Նախիջեւանի միջեւ երկաթուղային նախագիծը, որն ապագայում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուն: Նրա խոսքով՝ Նախիջեւան-Իգդիր երթուղին կնվազեցնի Կարս ճանապարհորդության ժամանակը մինչեւ 85 րոպե, իսկ ԲԹԿ-ի հետ ինտեգրումը կնպաստի Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը եւ նոր հեռանկարներ կստեղծի միջազգային բեռնափոխադրումների համար:























