ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն կանչել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժին եւ հարցաքննել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրան վկայի կարգավիճակում են հարցաքննել։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։
Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ տեղեկություն է ստացել այս քննության վերաբերյալ. պարզվում է` գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։
Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել են միտումնավոր, եւ չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով են մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն` խուզարկության։ Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ծննդյան օրը: Նա ընտանիքի հետ այդ ժամանակ եղել է Վրաստանում, եւ դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։
Սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, իրավապահները դեռ փնտրում են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
3 ԿԻԼՈԳՐԱՄ ՄԵԹԱՄՖԵՏԱՄԻՆ, 1 ԿԳ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։ Համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Երեւանի պարեկների հետ` մարտի 13-ին՝ ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել եւ Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 եւ 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4,3 գրամ հաշիշի, 1,8 գրամ հերոինի եւ 16,4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:
Պարզվել է նաեւ, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, մարտի 14-ին խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են շուրջ 2 կգ 810 գ. մեթամֆետամինի, 1 կգ 26,19 գ. մարիխուանայի, 812 գ. հերոինի, 229,52 գ. ափիոնի, 36 գ. կոկաինի եւ 30,52 գ. հաշիշի յուղի նմանվող զանգվածներ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
41-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
ՆԵՐԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է
Մարտի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած եւ վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ.-ն է։ Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Ռոզա Մ.-ի ամուսինը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդ Մ.-ն, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը՝ Ռոզա Մ.-ին, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
























